Գալյան․ Անկախության հռչակագրին և եկեղեցուն առնչվող փոփոխության հարցերը դեռ չեն քննարկվել

Գալյան․ Անկախության հռչակագրին և եկեղեցուն առնչվող փոփոխության հարցերը դեռ չեն քննարկվել

4 փետրվարի 2026 – 14:44 AMT

PanARMENIAN.Net – Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2025-իգործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեռ չեն քննարկվել Անկախության հռչակագրին և եկեղեցուն առնչվող դրույթների փոփոխության հարցերը

Նա նշել է, որ հաշվի առնելով Եկեղեցու նշանակությունն ու դերակատարումը երկրի և հասարակության կյանքում, ինքը կարծում է՝ սահմանադրական դրույթում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա։

«Ուզում եմ ընդգծել, որ սահմանադրական նորմ ունենալը եկեղեցու վերաբերյալ հնարավորություն է ապահովում Եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա, ինչը չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում: Հուսով եմ՝ այս մեկնաբանությամբ այդ դեբատին վերջակետ կդնենք»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով Անկախության հռչակագրին՝ Գալյանը տեղեկացրել է, որ այդ թեման ևս այս փուլում չի քննարկվել՝ վստահեցնելով, որ երբ հարցը ներառվի օրակարգում և որոշում կայացվի, քաղաքացիներին հանրային ձևով կներկայացվի, թե Սահմանադրության նախաբանում ինչ հնարավոր փոփոխություններ են արվել։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Ավելի վաղ Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա:

Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը Սահմանադրության մեջ փոփոխություններ պետք է կատարի:

Leave a Comment