
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի մարմնի գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է Al Wasat-ը։
Երկրի արևմուտքում գտնվող Էզ-Զինթան քաղաքի հիվանդանոցից հերքել են ավելի վաղ տարածված տեղեկությունը՝ Սեյֆ ալ-Իսլամի մարմինն իրենց մոտ տեղափոխելու վերաբերյալ։ Մոտակա բնակավայր Էր-Ռաջբանի բժշկական հաստատությունում ևս նման տեղեկություններ չունեն, հաղորդում է Al Wasat-ը։
Ավելի վաղ Libya al-Ahrar հեռուստաալիքը հայտնել էր Քադդաֆիի որդու մահվան մասին՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Էզ-Զինթանում։ Al Hadath հեռուստաալիքի աղբյուրներով, Սեյֆ ալ-Իսլամը մահացու վիրավորում է ստացել իր նստավայրի հարակից այգում։ Հարձակվողները եղել են չորսը։ Սպանության մասին տեղեկությունը հաստատել են Քադդաֆիի փաստաբանը, երկրի գլխավոր դատախազությունը։
Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի կողմնակիցները պահանջել են միջազգային հետաքննություն անցկացնել նրա սպանության գործով: