Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը (FDEP), ինչի կապակցությամբ Հայաստան է այցելել ՈՒԵՖԱ-ի գլխավոր բժշկական տնօրեն Զորան Բահտիյարևիչը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը (FDEP), ինչի կապակցությամբ Հայաստան է այցելել ՈՒԵՖԱ-ի գլխավոր բժշկական տնօրեն Զորան Բահտիյարևիչը։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ ծրագրի նպատակն է բարձրացնել սպորտային բժշկության մասնագիտական կարողությունները՝ ներառելով վնասվածքների կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և վերականգնումը։
Թեմայի շրջանակում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է սպորտային բժշկության ոլորտի միջազգային և տեղական գործընկերներին: Հանդիպմանը մասնակցել են ՈՒԵՖԱ-ի գլխավոր բժշկական տնօրեն Զորան Բահտիյարևիչը և ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը։
Քննարկվել են առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումները, սպորտային բժշկության հասանելիության ընդլայնումը, վերականգնողական ծառայությունների զարգացումը, ինչպես նաև մասնագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերը։
Անահիտ Ավանեսյանը կարևորել է ոլորտում ընթացող բարեփոխումների շարունակականությունն ու միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով, որ սպորտային բժշկության զարգացումը ներդրում է ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ երիտասարդ սերնդի առողջ ապագայի համար։