3 փետրվարի 2026 – 18:42 AMT
PanARMENIAN.Net – «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հայտարարություններին՝ խտրական և պառակտում սերմանող որակելով դրանք:
Կոալիցիան նշել է, որ կանայք և խոցելի խմբերը չեն կարող լինել քաղաքական շահարկումների թեմա:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սարգիս Կարապետյանի կողմից հնչեցված հայտարարություններով։ Հատկապես անընդունելի են կանանց թիրախավորող և խոցելի խմբերին վերաբերող կարծրատիպային ու խտրական մոտեցումները:
Մենք դատապարտում ենք ցանկացած քաղաքական քարոզարշավ, որը հիմնված է ատելության խոսքի, խտրականության և հասարակության տարբեր խմբերի միջև պառակտում մտցնելու վրա։ Կանայք հասարակության լիիրավ անդամներ են, և նրանց նկատմամբ ցանկացած բռնություն կամ խտրականություն անթույլատրելի է… Կանայք և խոցելի խմբերը չեն կարող լինել քաղաքական շահարկումների թեմա, քանի որ սա խտրականության, արժանապատվության խախտման և հասարակական վնասի ուղիղ դրսևորում է»,-ասվում է հայտարարության մեջ:
Կոալիցիան նաև հորդորել է բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին զերծ մնալ նման հռետորաբանությունից, գործել հանդուրժողականության, հավասարության և մարդու իրավունքների պահպանման սկզբունքներով։
Սարգիս Կարապետյանը, անդրադառնալով փոդքասթի ժամանակ հնչեցրած իր մտքին այն մասին, որ որևէ կին Հայաստանում չպետք է մնա չբավարարված՝ դա կապելով նաև դեմոգրաֆիական խնդրի հետ, ասել է, որ առողջ հասարակությունն ու առողջ Հայաստանը, բոլոր իմաստներով, լինելու են իրենց գլխավոր նպատակը, հայտնում է News.am-ը:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք երեկ նայել են մեր փոդքասթն ամբողջությամբ և մակերեսային դատողություններ չեն արել»,-ասել է նա: