Խուդաթյան․ Աճել է դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորների հոսքը

Խուդաթյան․ Աճել է դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորների հոսքը

3 փետրվարի 2026 – 17:22 AMT

PanARMENIAN.Net – Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում՝ «Զվարթնոց» և «Շիրակ», 2025 թվականի ընթացքում արձանագրվել է ուղևորահոսքի աճ։

Ըստ նախարարի, ընդհանուր առմամբ երկու օդանավակայանների մասով աճը կազմել է մոտ 7․5 տոկոս, իսկ միայն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պարագայում՝ 32․4 տոկոս, հայտնում է 1lurer.am-ը:

«Սա հետևանք է առաջին հերթին Կառավարության վարած քաղաքականության, մասնավորապես՝ բազավորման պայմանով սուբսիդավորման, ինչին արձագանքել է Wizz Air ավիաընկերությունը։ Ինչպես արդեն գիտեք, մի քանի ուղղությամբ թռիչքներ են մեկնարկել, այդ թվում՝ Գյումրիից եվրոպական երկրների ուղղությամբ»,– նշել է Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ ավիացիոն քաղաքականության շրջանակում կառավարությունը շարունակելու է խթանել ուղևորափոխադրումների ընդլայնումը, հատկապես՝ Գյումրիի օդանավակայանի ակտիվ շահագործման ուղղությամբ։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նախատեսում է առաջիկա 10 տարում կրկնապատկել օդանավակայանի մակերեսը՝ $500 միլիոն ներդրմամբ։

Leave a Comment