3 փետրվարի 2026 – 16:00 AMT
PanARMENIAN.Net – Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում անդրադարձել է գնաճին առնչվող մի շարք հարցերի՝ այդ թվում՝ Ադրբեջանից ապրանքների հնարավոր ներմուծման ազդեցությանը գների վրա։ Նրա խոսքով, այս պահի դրությամբ նման գործընթացների վերաբերյալ համապարփակ վերլուծություն առկա չէ, քանի որ ներկրված ապրանքների ծավալները շատ փոքր են։
«Նման վերլուծություն դեռ չունենք, որովհետև այդ ապրանքների քանակը և ծավալը բավակաին սեղմ են և սահմանափակ»,– նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Անդրադառնալով «բենզին» ապրանքատեսակին՝ ԿԲ նախագահն ասել է, որ դրա ազդեցությունը կարող են տեսնել հունվարի գնաճի մեջ։ Նա նշել է, որ ազդեցությոնը կախված կլինի զամբյուղում ներկրվող ապրանքի ունեցած չափաբաժնից։
«Հիմնական շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա։ Եթե ունենանք բաց սահմաններ և ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ՝ ներմուծման և արտահանման տեսքով, կարծում եմ, որ դա դրական ազդեցություն է ունենալու մեր վրա»,– հավելել է ԿԲ ղեկավարը։
Նա նաև արձագանքել է TRIPP նախագծի հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին՝ ընդգծելով, որ այս պահին չունի բավարար տեղեկություն՝ գնահատականներ հնչեցնելու համար։
«Սրա մասին պետք է խոսենք այն դեպքում, երբ մենք առնվազն նախագիծն ունենանք թղթի վրա, ու կարողանանք վերլուծել ու հասկանալ, թե ինչ քայլեր են մեզ սպասվում, ովքեր են ներդրողները, ինչ ծավալի ներդրման մասին է խոսքը, ինչ ժամանակահատվածում և ինչ ուղղություններով։ Արդյոք այն լինելու է ուղղակի ներդրումներ, թե վարկային միջոցների տրամադրում, որոնք հետո մեր ընկերությունների կողմից կոնվերտացիայի է լինելու որոշակի աշխատանքի։ Ես հիմա զերծ կմնայի մեկնաբանությունից, որովհետև տեղեկատվության պակաս ունեմ»,– ասել է Գալստյանը։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:
Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։