Ակցիա նախագահականի մոտ․ Զոհվածների ծնողները ներողություն են պահանջում Խաչատուրյանից՝ Ալիևին շնորհակալության համար

Ակցիա նախագահականի մոտ․ Զոհվածների ծնողները ներողություն են պահանջում Խաչատուրյանից՝ Ալիևին շնորհակալության համար

3 փետրվարի 2026 – 15:44 AMT

PanARMENIAN.Net – 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներողություն խնդրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Դավոսում հրապարակային շնորհակալություն հայտնելու համար։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ներողությունը պետք է լինի Եռաբլուրում, բացարձակ պարզ պայմաններով՝ առանց անվտանգության ուժերի ներկայության, հայտնում է «Փաստինֆոն»:

Նրանց հիմնական ուղերձն այն էր, որ ՀՀ նախագահի վերոնշյալ արտահայտությունը վիրավորանք է ոչ միայն Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների, այլև զոհված, գերի ընկած և անհետ կորած զինծառայողների ընտանիքների հասցեին։

«Պառազիտ կառույցի ղեկավարը Դավոսում շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ երկու նախադասության մեջ մի քանի անգամ։ Հարց եմ ուղղում իրեն. քանի՞ անգամ եք Ձեր այս շքեղ կեցավայրում ընդունել օր ու գիշերը կորցրած՝ հարյուրավոր անհետ կորածների ընտանիքների մայրերին, քույրերին, երեխաներին, քանի՞ անգամ եք մտել պատերազմներում զոհեր տված ընտանիքների տներ և հարցրել՝ ինչպես են ապրում, ապրո՞ւմ են, թե՞ չեն ապրում։ Քանի՞ անգամ եք 120 հազար արցախցու ընդունել այս շքեղ կեցավայրում, ցույց տվել, որ բոլորիս հարկերի հաշվին այսօր այս շքեղ կյանքն եք վայելում ու գնում Դավոս՝ շնորհակալություն հայտնում Ալիևին»,–լրագրողների հետ զրույցում ասել է ՀՃՇ անդամ Ռուզան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ակցիան որևէ ատելություն չի կրում, այլ նպատակ ունի բարձրաձայնելու վիրավորված ու արժանապատվության ոտնահարման զգացողություն ունեցող մարդկանց ձայնը։

«Խաչատուրյանն իր այս արտահայտությամբ վիրավորել է 120 հազար բռնի կերպով իրենց տունն ու տեղը թողած, գաղթած արցախցիներին, վիրավորել է հազարավոր զոհված զինվորների մայրերին, քույրերին, երեխաներին, վիրավորել է մեր գերիների ընտանիքներին, հարյուրավոր անհետ կորածների ընտանիքներին։ Բոլորի անունից այստեղ ենք և եկել ենք պահանջելու հրապարակային ներողություն խնդրել այդ շնորհակալության համար։ Վահագն Խաչատուրյանին հրավիրում եմ Եռաբլուր՝ առանց դիպուկահարների, շքերթի, դիմակահանդեսի, Փաշինյանի անվտանգության ներքո։ Եկեք տղավարի կանգնեք, նայեք ծնողների աչքերի մեջ և ասեք՝ ինչու եք շնորհակալություն հայտնում Ալիևին»,–հավելել է նա։

ՀՀ նախագահը Դավոսում ասել է․«Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի ղեկավարությանը, անձամբ նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղությանը հավատարիմ մնալու համար»:

Leave a Comment