Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածների կառուցումը նախատեսվում է իրականացնել ռուսական կողմի միջոցով, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ըստ նրա՝ բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվում են, սակայն վերջնական որոշում չկա։
«Մեր ընկալումն այնպիսին է, որ ձեր նշած (Իջևան և Ախուրիկ) հատվածների աշխատանքներն իրենց միջոցով ենք իրականացնելու։ Վարչապետի հայտարարությունից հետո գործողությունները գնում են այդ ուղղությամբ, այստեղ նոր փոփոխություններ չունենք և ակնկալում ենք, որ չենք էլ ունենա, և վերջնական որոշում կլինի այդ մասին»,- մանրամասնել է Խուդաթյանը։
2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և ՀՀ-ի միջև կնքվել էր կոնցեսիոն պայմանագիր՝ 30 տարով «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն ՀԿԵ ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։
2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին գտնվող երկաթուղային հիմնական հատվածները վերականգնելու խնդրանքով։ Հունվարի 29-ին նա հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ եթե ռուս գործընկերները հրաժարվեն մասնակցել վերակառուցմանը, ապա դա կանի ՀՀ-ն։ Զախարովան նշել էր, որ հարցը գտնվում է քննարկումների սկզբնական փուլում, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիների» փորձագիտական ներուժի հնարավոր ներգրավմամբ։
