Լրագրող Ռոբերտ Անանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հետաքրքիր տրանսֆորմացիա է տեղի ունենում։ Ամբողջ օրը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ օնլայն պատերազմ վարող խմբերը ակտիվորեն տարածում են թուրքական և ադրբեջանական լրատվական աղբը։ Գիտե՞ք ինչու․ որովհետև դա քաղաքականապես ձեռնտու է։ Մի օր Փաշինյանը ԼԳԲՏ շքերթին հավանություն է տալիս, մյուս օրը՝ մզկիթներ է կառուցում, հաջորդիվ՝ Էրդողանը նշանակում է Հայոց կաթողիկոսին, մի քիչ անց՝ Փաշինյանը դղյակներ է գնում Ֆրանսիայում և Կանադայում, մի քիչ էլ անց՝ Պապիկյանը մանկապիղծ է դառնում, մի օր էլ գրում են, որ Ռուբինյանն իրականում ծառայում է թուրքական հետախուզությանը, մի օր էլ ֆրանսիացիք միջուկային թափոններ են բերում ՀՀ, որ մեզ թունավորեն և էլի հիմարություններ։ Հիմարությունների շարքում կարելի է թվել նաև «Թրամփի ուղիով» մեզ թրքացնելու ծրագիրը, ԵՄ դիտորդներով՝ Իրանին լրտեսելը, ինչպես նաև՝ ԵՄ դիտորդների կողմից Ադրբեջանին ՀՀ-ում ապրած ադրբեջանցիների տների հասցեները տալը և այլն։ Այնքան շատ են հիմարությունները, որ այստեղ կանգ կառնեմ։
Եվ այս կեղծիքը գերազանցապես տարածվում է թուրքական և ադրբեջանական մամուլից։ Ինձ զարմացնում է, ո՞ր պահից սկսած՝ թուրքական և ադրբեջանական մամուլը դարձավ ձեզ համար արժանահավատ։ Չէ՞ որ նրանք ձեր թշնամիներն են և ուզում են ձեզ ոչնչացնել։ Ո՞ր պահից սկսած՝ սկսեցիք տարածել ձեզ ոչնչացնել ուզողների մամուլի թեզերը։ Նախկինում դրանք ռուսական մամուլով և տելեգրամ ալիքներով էին տարածում, ՌԴ-ից կառավարվող ֆեյսբուքյան էջերով և այլն։
Բայց քանի որ Ռուսաստանը չի ցանկանում երևա, որ ՀՀ-ի դեմ ահաբեկչական ակտի հեղինակն է, աղբյուրները տեղափոխել են Թուրքիա և Ադրբեջան։ Բայց այնքան ապաշնորհ են կրկին, որ թուրքական և ադրբեջանական «մեդիաներում» աղբի արտադրմանը մասնակցում են պրոկրեմլյան թուրք կամ ադրբեջանցի լրագրողներ, որոնց միջոցով Կրեմլի պոչը բացահայտվում է։ Նույնը նաև տեսնում ենք իսպանալեզու, ֆրանսալեզու, ամերիկյան և արևմտյան այլ մամուլներում։ Ռուսաստանն այնքան վարկաբեկված է, որ իրենց կեղծիքին արժանահավատ տեսք տալու համար՝ այն տեղափոխում են այլ երկրների հարթակներ։
Բայց հիմա հարց՝ ամբողջ օրը «ահազանգում» եք, որ թրքանում ենք, որ հենց Թուրքիան բացի սահմանը՝ կթրքանանք, կամ որ եթե ադրբեջանական բենզին լցնենք՝ կթրքանանք։ Օկ։ Իրավունք ունեք վախենալու սեփական ինքնության կորստով։ Եթե վստահ չեք ձեր ինքնության վրա, իրոք վախեցեք թրքանալուց։ Ձեր իրավունքն է։ Բայց ո՞ր պահից սկսած՝ հավատացիք մեր դեմ թշնամական քաղաքականություն վարած Թուրքիայի և Ադրբեջանի մեդիաների աղբին։ Ո՞ր պահից հաղթահարվեց ձեր վեհ ազգային ինքնագիտակցությունը, և հասկացաք, որ կարող եք հայաստանյան մեդիա դաշտ բերել թուրքական և ադրբեջանական տիրույթից նետված աղբը։
Դուք չեք պատասխանելու։ Ես ասե՞մ։ Այն պահին սկսեցիք վստահել թուրքական և ադրբեջանական «մամուլին», երբ հասկացաք, որ տարածվող սուտը ձեռնտու է ձեզ՝ հարվածելու Փաշինյանին։ Եվ այն պահին սկսեցիք վստահել, երբ հասկացաք, որ Ռուսաստանն է կանգնած այդ կեղծիքի արտադրման, թուրքական մամուլում հրապարակման հետևում։
Եվ դուք՝ որպես Ռուսաստանի նկատմամբ թուլություն ունեցողներ՝ պահի տակ հաղթահարում եք թուրքաֆոբիան, ադրբեջանաֆոբիան և սկսում եք տարածել թուրքական և ադրբեջանական մամուլ նետված կեղծիքը, որը ստեղծված է ռուսական ֆաբրիկաներում։ Սա ուզում եմ գրել, որ հաջորդ անգամ չխոսեք թրքանալուց և հայի ինքնության դեմ պատերազմից։ Քանի որ դուք եք ձեր երկրի դեմ ահաբեկչական ակտին մասնակցում՝ դառնալով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի համատեղ գրոհի մարտիկը ձեր երկրի դեմ։
Փաշինյանն ու այս կառավարությունն ունեն լիքը սխալներ, թերություններ, միգուցե նաև՝ հանցագործություններ։ Ես քննիչ ու դատախազ չեմ։ Թույլ տվեք տարբերվել և դատավճիռ չկարդալ։
Բայց կենտրոնացեք իրական սխալները թիրախավորելու և քաղաքական դիվիդենտներ շահելու վրա։ Այդպես ավելի ամուր քաղաքական ռեսուրս կկուտակեք, քան՝ սուտ տարածելով, և պարզունակ հակաքարոզչությամբ զբաղվելով։ Ինչքան էլ գայթակղիչ լինի Փաշինյանին հարվածելու նպատակով կեղծիք տարածելը, միևնույնն է՝ դուք մասնակցում եք ձեր երկրի դեմ տեռորին՝ ստեղծված Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի պետական կառույցների կողմից։ Եվ սա չունի որևէ ներքաղաքական արդարացում։ Դուք չեք պայքարում Փաշինյանի դեմ։ Դուք պայքարում եք ձեր երկրի դեմ։ Շատերդ՝ անգիտակցաբար։ Շատերը՝ գիտակցաբար։
Դուք վտանգում եք Հայաստանը, օրինակ՝ Իրանին դրդելով ագրեսիվանալ մեր դեմ, երբ ստում եք, թե ԵՄ դիտորդները լրտեսում են Իրանին, և տեղեկությունները տալիս Արևմուտքին։ Նույնատիպ են նարատիվները «Թրամփի ուղու» շուրջ, էլի՝ Իրանին գրգռելու Հայաստանի դեմ։
Գիտեմ, որ այս գրառումը ձեզ հետ չի պահելու այս գործից։ Քանի որ դա ձեր գործն է, և ձեզնից ոմանք՝ քեշով վճարվում են սեփական երկրի դեմ տեռորին մասնակցելու համար։ Բայց պարտքս համարեցի խոսել այն կեղծավորության մասին, որ առկա է ձեզ մոտ։ Ամբողջ օրը «թրքանալով»՝ ցիտում եք թուրքական և ադրբեջանական մամուլ։ Կարո՞ղ է իրոք մեզ թրքացնելու ծրագիր կա, և դուք մասն եք դրա։ Կամ՝ եթե ավելի անկեղծ․ կարո՞ղ է մեզ ռուսացնելու ծրագիր կա, և դուք դեմ չեք դրան։ Այո՞»։
