Նոր Continental GT S և GT Convertible S․ Սպորտային բնութագրեր և տպավորիչ արտաքին տեսք

Նոր Continental GT S և GT Convertible S․ Սպորտային բնութագրեր և տպավորիչ արտաքին տեսք

3 փետրվարի 2026 – 12:17 AMT

PanARMENIAN.NetBentley-ն ներկայացրել է նոր Continental GT S և GTC S մոդելները, որոնք ոգեշնչված են Supersports սահմանափակ սերիայից և ընդլայնում են Continental մոդելային շարքի ընտրությունը։ Համադրելով տպավորիչ արտաքինը նորագույն հիբրիդային ուժային համակարգի և Continental GT Speed-ի հենասարքի տեխնոլոգիաների հետ՝ S մոդելները ստեղծված են այն վարորդների համար, ովքեր գնահատում են բարձր արտադրողականությունը։ Չորրորդ սերնդի Continental GT S մոդելները պատմության ընթացքում երբևէ S նշանը կրողներից ամենաարագընթացն ու ամենահզորն են և ստեղծված են նույն վարորդակենտրոն հայեցակարգի հիման վրա՝ ինչ և Supersports-ը։

Նոր High Performance Hybrid հիբրիդային ուժային համակարգը զարգացնում է 680 ձիաուժ հզորություն և 930 Նմ ոլորող մոմենտ, ինչը 130 ձիաուժով ավելի է նախորդ սերնդի GT S-ից։ Լիարժեք ակտիվացված ռեժիմում այն ապահովում է ապշեցնող արագացում՝ զարգացնելով 0-ից մինչև100 կմ/ժ ընդամենը 3.3 վայրկյանում (0-ից 100 կմ/ժ՝ 3,5 վրկ-ում) և հասնելով մինչև 300 կմ/ժ առավելագույն արագության, ընդ որում դա ուղեկցվում է սպորտային արտանետման համակարգի տպավորիչ հնչողությամբ՝ ընդգծելով 4.0 լիտրանոց V8 շարժիչի բնորոշ ձայնը։ Ուժային ագրեգատների ոլորտում ինժեներական մտքի այս հրաշքը՝ High Performance Hybrid-ը, հզորության, ոլորող մոմենտի և ընդհանուր արտադրողականության բոլոր ցուցանիշներով գերազանցում է անգամ նախորդ սերնդի W12 Speed-ը, ինչպես նաև ունակ է անցնելու մինչև 80 կմ՝ զուտ էլեկտրական ռեժիմում։

Այս առաջատար ուժային համակարգին զուգահեռ՝ ավտոմեքենան համալրված է հենասարքով, որը նախկինում հասանելի էր միայն GT Speed և GT Mulliner մոդելներին՝ Bentley Performance Active Chassis։ Այն ներառում է ակտիվ լիաքարշակ համակարգ, երկփականային ամորտիզատորներ, ոլորող մոմենտի բաշխում (առջևից դեպի ետ և առանցքների միջև), կողաթեքվածքի ակտիվ ճնշման 48 վոլտանոց համակարգ Bentley Dynamic Ride, նոր սերնդի ESC ծրագրային ապահովում և, առաջին անգամ Continental GT S-ում, LSD դիֆերենցիալ ու բոլոր անիվների կառավարման համակարգ (AWS)։ Սա Bentley-ի ամենաառաջադեմ և վարորդակենտրոն լիաքարշակ համակարգն է, որ մշակվել է առավելագույն սպորտային վարքագիծ և հնարավորություններ ապահովելու համար։

Այսպիսի կարգավորումները վարորդին հասանելի են դարձնում վարման առավել բազմազան ռեժիմներ և ճանապարհային կամ մրցուղային վարքագծի տարաբնույթ հնարավորություններ։ ESC կատարելագործված համակարգն ամբողջովին միացված լինելու պարագայում վերահսկվում է կցորդումը ճանապարհի հետ։ Դինամիկ ռեժիմում ենթադրվում է ավտոմեքենայի հետևի սռնիի որոշ սահք՝ վարորդին հնարավորություն տալով վերահսկելու ավտոմեքենայի վարքը շրջադարձերում, ըստ այդմ՝ պահպանելով վստահությունը, որ մեքենան անհրաժեշտության դեպքում կվերադառնա իր հետագծին։ Հնարավոր է նաև ամբողջությամբ անջատել ESC համակարգը, ինչի դեպքում վարորդը կարող է հավասարակշռել ավտոմեքենայի դիրքը շրջադարձերում՝ արագացուցիչի ոտնակի օգնությամբ, ինչն էլ ապահովում է վարումից ստացված իսկապես գրավիչ զգացողություններ։

Նոր S մոդելների սպորտային բնույթն ի հայտ է գալիս առաջին իսկ հայացքից։ Blackline կոմպլեկտացիայում արտաքին տեսքը լրացվում է մուգ գույնի ստորին առջևի սպոյլերով՝ փայլուն սև մատրիցային վանդակաճաղով, իսկ Bentley սև թևերը և BENTLEY գրությունը տոն են թելադրում՝ հաղորդելով նպատակասլաց, սլացիկ և հզոր կերպար։ Կատարողականության այս վիզուալ նշանները լրացվում են Beluga կողային հայելիների սև հիմքերով, դռնաշեմերի լայնացումներով և հետևի դիֆուզորով։ Մատրիցային լուսադիոդային լուսարձակները՝ մուգ երանգավորմամբ և Bentley Precision դիզայնով, միայն GT Speed մոդելին բնորոշ առանձնահատկություն է։ Հետնամասում S կոմպլեկտացիան ներառում է մգացված լապտերներ և սպորտային արտանետման համակարգի խողովակների ծայրակալներ։ Ստանդարտ համալրմամբ Continental GT S-ն առաջարկվում է 22 դյույմանոց՝ արծաթագույն տասը ճաղով թեթևաձույլ անվահեցերով, սակայն հասանելի են նաև անիվների այլ տարբերակներ՝ ներառյալ թեթևաձույլ անվահեցեր՝ մետաքսափայլ սև գույնի տասը ճաղով՝ փայլեցված մակերեսներով և ամբողջովին փայլուն սև գույնի անվահեցեր։

Նմանատիպ մանրակրկիտ ուշադրություն է դարձվել նաև սրահին՝ Continental GT S մոդելներին տալով յուրահատուկ վիզուալ կերպար։ Սրահի երկգույն առանձին երեսպատումն այս մոդելների բացառիկ առանձնահատկությունն է և նստատեղերի ակոսավոր դիզայնի հետ զուգակցված ստեղծում է նպատակասլաց վարման միջավայր՝ կենտրոնացած բարձր արտադրողականության վրա։ Հպման հիմնական մասերում՝ ղեկ, փոխանցումների փոխարկման լծակ, նստատեղեր և դռների ներդիրներ, օգտագործվում է Dinamica գործվածքը։ «Piano Black» ստանդարտ հարդարումը համահունչ է Blackline կոմպլեկտացիայի արտաքին դիզայնի հայեցակարգին, թեև որպես ընտրանք առաջարկվում են նաև փայլուն հարդարում կարբոնով և այլ նյութերով։ Լրացուցիչ տարբերակների թվում են ամբողջությամբ կաշվե երեսպատումը և մուգ երանգի քրոմապատ հարդարումը սրահի ինտերիերի բոլոր մետաղական տարրերի համար։

Հարմարավետություն ապահովող Azure-ից մինչև անզուգական արտադրողականությամբ GT Speed՝ Bentley Gran Turismo շարքն առաջարկում է բազմաթիվ տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է ավտոմեքենան վարող անձի արժեքներին։ Այժմ արտաքին դիզայնի, ինտերիերի համալրման և դինամիկ հենասարքի եզակի համադրությունը նոր Continental GT S մոդելներին թույլ է տալիս զբաղեցնել իրենց ուրույն տեղը մոդելային շարքում։ Սպորտային էսթետիկայի և վարելու ընթացքից ստացած իսկական հաճույքի շեշտադրում կրող S մոդելներն ընդլայնում են առաջարկվող՝ իրական Gran Turismo դասի ավտոմեքենաների ընտրության հնարավորությունները։

Leave a Comment