3 փետրվարի 2026 – 12:33 AMT
PanARMENIAN.Net – «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Տաշիր Արենայում փետրվարի 1-ին երևանցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է շարժման նպատակներն ու տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները։
Նա ասել է, որ ինչքան մոտենանք նախընտրական պրոցեսներին, հարձակումները շարժման հասցեին ավելի վատ են լինելու, հայտնում է Panorama.am-ը:
«Ինչքան մենք մոտենանք նախընտրական պրոցեսներին, էնքան հարձակումներն ավելի վատ են լինելու։ Իհարկե, մենք էլ պետք է առիթ չտանք, որ հարձակումներ լինեն, բայց դրանք ավելի շատ, ավելի տհաճ և գռեհիկ են լինելու։ Մենք աշխատելու ենք հավասարակշռության մեջ մնալ, փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր էս վերցրած ճանապարհը մինչև վերջ հասցնենք, որովհետև հասկանում ենք, որ չկա ուրիշ այլընտրանք, որովհետև հասկանում են, որ պետք է փոփոխություն լինի»,-ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ մեր հասարակության նշանակալի մասն ընտրությունն իրականացնում է անձանցով։
«Մինչև հիմա այդպես է եղել, հիմա էլ անձանց կա՛մ հավանում են, կա՛մ չեն հավանում։ Ինչ ենք ուզում ավելացնել դրան՝ որ ընտրությունը կատարվի նաև ծրագրերով։ Ծրագրերի մասին խոսվի, որ հետո էլ մարդիկ պահանջեն, սա է մեր նպատակը»,-ասել է նա:
Կարապետյանը ներկայացրել է տնտեսական մի շարք հիմնախնդիրներ ու դրանց լուծման առաջարկներ։
«300 հազար նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում։ Մարզեր կատարած մեր բազմաթիվ այցելությունները ապացուցեցին վիճակագրական այն հաստատումը, որ մարզերում աշխատանք չկա։ Գիտեմ, որ վերջին երկու տրվա ընթացքում ձեր հարկերը 2 անգամ ավելացվել են, իսկ պետության կողմից ձեզ տրվող աջակցությունը երկու անգամ ավելացե՞լ է։ Պետությունից ինչ-որ բան ստանո՞ւմ եք, բացի հարկայինի ջղային դեմքից։
Ոչ մի նոր որակական փոփոխություն չի եղել, իսկ այն ի՞նչ է բերել մեր երկրին։ Մի տարվա ընթացքում 3000 ընկերություն է փակվել։ Պատկերացրեք միջինում ամեն ընկերությունում 3 հոգի է աշխատել, այսինքը՝ մեկ տարվա մեջ մենք փոքր բիզնեսում կորցրել ենք մոտ 9 հազար աշխատատեղ։
Ապագայում ինչ է կանխատեսվում, դուք եթե ուզենաք բիզնես անել Հայաստանում, ձեռներեցությամբ զբաղվեք՝ ունենալու եք երկու լավ լուր. առաջին՝ հարկ չեք տալու, երկրորդ՝ հարկայինին չեք տեսնելու։
Գյուղացին չպետք է մտածի վաճառելու մասին, տարվա սկզբից գյուղացուն հնարավորություն է տրվելու մթերման կայանի հետ պայմանագիր կնքել՝ գնով, և մոռանալ ամեն ինչի մասին։ Իր միակ նպատակը պետք է լինի ապրանք ստանալը։ Սա հեղափոխական փոփոխություն է բերելու մեր բոլոր համայնքներում։ Վերջապես գյուղատնտեսությունը լինելու է կանխատեսելի և շահութաբեր»-ասել է նա:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերն ու շարժման տեսլականը, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի առաջարկած «5 քայլ դեպի ուժեղ Հայաստան» նախաձեռնությունը, որը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները՝
- 300,000 նոր աշխատատեղ, հատկապես՝ մարզային բնակավայրերում։
- Փոքր բիզնեսի համար՝ զրոյական հարկ։
- 20% ավելի էժան դեղորայք՝ բոլոր քաղաքացիների համար։
- Գյուղմթերքի երաշխավորված մթերում՝ պայմանագրային հիմունքներով։
- 20,000 հասանելի բնակարան՝ պետության համաֆինանսավորմամբ։
«Ես դրանք երաշխավորում եմ»,-օրեր առաջ հղած ուղերձում ասել էր հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: