Հռոմի Տրևի շատրվանին մոտենալու և մետաղադրամներ նետելու համար այսուհետ կգանձվի 2 եվրո վճար

Հռոմի Տրևի շատրվանին մոտենալու և մետաղադրամներ նետելու համար այսուհետ կգանձվի 2 եվրո վճար, հայտնել է CNN-ը:

Տրևի շատրվանը Հռոմի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է. ըստ ավանդույթի՝ եթե մետաղադրամ նետես շատրվանի մեջ, ապա անպայման կվերադառնաս հավերժական քաղաք։ Երկու մետաղադրամը խոստանում է սեր իտալացու հետ, իսկ երեքը՝ ամուսնություն։

Փետրվարի 2-ից այդ ցանկություններից որևէ մեկը կատարելու այցելուները պետք է գնեն 2 եվրոյանոց տոմս:

Հռոմի քաղաքապետարանը նոր տոմսային համակարգը սահմանել է որպես հերթական քայլ՝ վերահսկելու մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տեսարժան վայրերից մեկում կուտակված բազմությունը։ Տոմսերը պարտադիր են երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 11:00-ից մինչև 22:00-ն, իսկ շաբաթվա մնացած օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 22:00-ը։ Ժամը 22:00-ից հետո ցանկապատերը բացվում են, և մուտքը բոլորի համար անվճար է։

Քաղաքը 2024-ին փորձարկել է ցանկապատային համակարգ՝ սահմանափակելու մուտքը դեպի շատրվանի եզրը և հասկանալու համար՝ արդյոք բազմության վերահսկումը հնարավոր է։ Արդյունքում զգալիորեն նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր պատրաստ էին հերթ կանգնել՝ մոտիկից տեսնելու 18-րդ դարի բարոկկո գլուխգործոցը, որը գտնվում է հին ջրատարի վերջնակետում։

Այնուամենայնիվ, պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ 2025 թվականին ավելի քան 10 միլիոն մարդ հերթ է կանգնել շատրվանին մոտենալու համար, իսկ ամենածանրաբեռնված օրերին այցելուների թիվը օրական հասել է շուրջ 70,000-ի, նշել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին։

Leave a Comment