3 փետրվարի 2026 – 10:14 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով փետրվարի 5-6-ը ՌԴ կատարելիք պաշտոնական այցին, ասել է, որ իր պաշտոնակից Վալենտինա Մատվիենկոյից բացի, հանդիպելու նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Այցն իմ գործընկեր տիկին Մատվիենկոյի հրավերով է։ Նախատեսվում է հանդիպում իր հետ, ինչպես նաև ՌԴ արտգործնախարարի հետ»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Սիմոնյանը հավելել է, որ գուցե էլի հանդիպումներ լինեն։
«Հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք դեռ չստորագրված, չվավերացված փաստաթղթերը: Երբ որ տիկին Մատվիենկոն այստեղ էր, կհիշեք, ֆորում անցկացվեց, Ռուսաստանի ռեգիոնների և Հայաստանի մարզերի միջև մի շարք համաձայնություններ ստորագրվեցին։ Դրանց վավերացման խնդիր կա։ Այդ հարցերն ենք քննարկելու, հայ-ռուսական հարաբերությունների խնդիրն ենք քննարկելու։ Նաև նախապատրաստվում է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնել, և այդ օրերի ժամկետներն ենք քննարկելու»,- ասել է նա:
Սիմոնյանը նաև պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է, որ ռուս պաշտոնյաների հետ քննարկումների ընթացքում Սիմոնյանը շոշափի նաև ՌԴ կողմից Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների հարցը՝ որի մասին նախկինում հրապարակայնորեն արտահայտվել է:
«Կարծում եմ, որ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ ինձ համար, մեր թիմի համար, այդպիսի հարց չկա, որը որ մենք չենք քննարկի, եթե դրա մասին խոսում ենք։ Տիկին Մատվիենկոն երբ որ այստեղ է եղել, բնական է, ես ասել եմ։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ մեր մտահոգությունները ասել եմ։ Դեսպանն ԱԳՆ հրավիրվել է, և դրա հետ կապված իրեն ամեն ինչ ասվել է։ Եթե դրա առիթը լինի, եթե դրա կարիքը լինի, ես չեմ կարծում, որ կրկնում եմ, որևիցե մեկի մոտ կասկած կա, որովհետև թե բարձր ասում ենք, հիմա ես ձեր եթերում ասում եմ կամ Ազգային ժողովի ամբիոնից ասում եմ»,-նշել է ԱԺ նախագահը:
Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան տեղի է ունեցել 2025-ի հունիսին: Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը բացել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։