2 փետրվարի 2026 – 16:42 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարևորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։