Ոչ մի հարկային չի գալու ձեր մոտ. փոքր բիզնեսը հարկերից ազատելու առաջարկով է հանդես եկել «Մեր ձևով»-ը

Փոքր բիզնեսը հարկերից ազատելու առաջարկով է հանդես եկել «Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ ներկայացնելով Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը։

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի արձանագրմամբ՝  վերջին երկու տարիներին փոքր բիզնեսի հարկային բեռը կրկնապատկվել է՝ 5 տոկոսից հասնելով 10 տոկոսի, ինչի հետևանքով միայն անցած տարվա ընթացքում փակվել է շուրջ 3 000 փոքր ընկերություն։

«Եթե մարդը 20 տոկոս շահույթ ունի ու դրա կեսը տալիս է հարկ, նա չի կարող իր համար ապահովել նորմալ տնտեսական վիճակ», — նշել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում շուրջ 69 000 տնտեսվարող աշխատում է շրջանառության հարկի դաշտում, մինչդեռ միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների թիվը կազմում է մոտ 27 000։ Ըստ նրա՝ հենց այդ 69 000 փոքր տնտեսվարողներն են վճարում պետական հարկերի ընդամենը 2 տոկոսը։

«Այդ 2 տոկոսը մենք կգտնենք այլ տեղերից։ Միջազգային առևտրի զարգացման միջոցով կարող ենք տասնյակ տոկոսներ բերել երկիր։ Փոքր բիզնեսին հարկելու կարիք չունենք», — ասել է նա։
Առաջարկվող փոփոխությունից, ըստ Կարապետյանի, կշահեն գեղեցկության սրահները, հացի փռերը, փոքր կրպակներն ու խանութները, ինչպես նաև փոքր արտադրությունները։ Նախաձեռնության իրականացման դեպքում նրանց համար հարկային դրույքաչափը կդառնա 0 տոկոս։

Միաժամանակ նա նշել է, որ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի, որպեսզի միջին բիզնեսը արհեստականորեն չբաժանվի փոքրերի՝ հարկերից խուսափելու նպատակով։ «Դա արդեն վարչարարության խնդիր է», — ընդգծել է նա։

Կարապետյանի համոզմամբ՝ այս փոփոխության արդյունքում Հայաստանում տարեկան կարող է բացվել 2–3 հազար նոր ընկերություն։

«Մենք պետք է փոքր բիզնեսին ասենք՝ աշխատատեղ ստեղծեք, մեծացեք։ Ոչ մի հարկային չի գալու ձեր մոտ, մինչև միջին բիզնես չդառնաք։ Հենց դառնաք միջին, կսկսեք հարկեր վճարել ինչպես բոլորը», — հայտարարել է շարժման համակարգողը։

Leave a Comment