Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն. Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների. Կալլաս

Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև բանակցություններ հնարավոր են առաջիկա օրերին. իրանական Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

Հաղորդվում է, որ բանակցություններին իրանական կողմից կմասնակցի երկու պաշտոնյա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ժամանակը և վայրը դեռևս որոշված չեն։ Երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի միջև։

Տեղեկություններ են տարածվել ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջիկա օրերին Թուրքիայում բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։

Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների, քանի որ իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը. Օսլոյում ընթացող անվտանգության համաժողովում հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մենք կցանկանայինք տեսնել որոշակի զիջումներ նաև Ռուսաստանից՝ ներառյալ Ռուսաստանի ռազմական բյուջեի և զինված ուժերի, ինչպես նաև նրա միջուկային զենքի սահմանափակումները։ Ավելին, Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարած հանցագործությունների համար։ Եվրոպայի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի», – ընդգծել է Կալլասը։

Նրա խոսքով՝ հենց այսպիսի ճնշումն է, որ կարող է ստիպել Ռուսաստանին իրական երկխոսության մեջ մտնել։

Leave a Comment