Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ․ Շաքե Իսայան

 

 

«Պաշտոնական վերջին տվյալներով Հայաստանում կա մոտ կես միլիոն թոշակառու, որոնց կենսամակարդակը, ըստ պաշտոնական տվյալների, էականորեն չի բարելավվում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ թոշակառուների ընտանիքներում նվազել է կենսական սննդամթերքների՝ մսի, մրգի, բանջարեղենի, ձկան և հավկիթի սպառումը, ինչը խոսում է նրանց իրական գնողունակության անկման մասին։

Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվող միջին գնաճը չի արտացոլում թոշակառուների իրական կյանքը։ Նրանց սպառման զամբյուղը էապես տարբերվում է միջինից և հիմնականում բաղկացած է ընդամենը մի քանի կենսական ապրանքներից ու ծառայություններից՝ սննդամթերք, դեղորայք, բժշկական ծառայություններ, կոմունալ վճարներ և տրանսպորտ։

 

Այս ոլորտներում գների աճը վերջին տարիներին բազմաթիվ դեպքերում հասել և նույնիսկ գերազանցել է 20–30 տոկոսը, մինչդեռ թոշակների աճը կամ ինդեքսավորումը եղել է ոչ համաչափ, ուշացած կամ սիմվոլիկ։ Արդյունքում՝ թոշակառուի իրական գնողունակությունը տարեցտարի նվազում է։

Հատկապես մտահոգիչ է դեղորայքի և բժշկական ծառայությունների թանկացումը, քանի որ հենց այս ծախսերն են կազմում թոշակառուի բյուջեի զգալի մասը։ Երբ թոշակը չի բավարարում անգամ բուժման և սննդի նվազագույն պահանջները, արժանապատիվ ծերության մասին խոսելը դառնում է ձևական։ Թոշակառուի խնդիրն այն չէ, որ նա երբևէ չի ստացել 4 մլն դրամ իր առողջության համար, այլ այն, որ այսօր կանգնած է ամեն ամիս ընտրության առաջ՝ գնել դեղը, թե՞ սնունդը, և հենց այս ընտրությունն է սոցիալական իրականության ամենացավոտ արտացոլումը։

 

Այս իրավիճակում անհրաժեշտ են համակարգային լուծումներ․

• Թոշակառուների համար պետք է հաշվարկվի և հրապարակվի առանձին՝ «թոշակառուի սպառողական զամբյուղի» գնաճի ցուցանիշ։

• Թոշակները պետք է ինդեքսավորվեն ոչ թե ընդհանուր միջին գնաճով, այլ հենց այդ զամբյուղի իրական թանկացման հիման վրա։

• Անհրաժեշտ է ապահովել դեղորայքի և բժշկական ծառայությունների հասանելիություն՝ գների վերահսկման և պետական աջակցման մեխանիզմների միջոցով։

• Կենսաթոշակային քաղաքականությունը պետք է դիտարկվի ոչ թե որպես բյուջետային բեռ, այլ որպես պետության պարտք այն մարդկանց հանդեպ, ովքեր տարիներ շարունակ աշխատել և մասնակցել են երկրի զարգացմանը։

Leave a Comment