Գերակա շահ կճանաչվի

Գերակա շահ կճանաչվի

Կառավարությունը Կենտրոն վարչական շրջանում գտնվող 81 հա տարածքը գերակա շահ կճանաչի և հնարավորություն կտա սեփականաշնորհել կառուցապատողին, իսկ դրա համար նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին նոր լիազորություն կտա պայմանագիր ստորագրելու համար։ Նախագիծը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի հարավ-արևմտյան հատվածում՝ շուրջ 81 հեկտար տարածքում, որը ձգվում է Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից մինչև Հաղթանակի կամուրջ, ներառյալ «Պասկևիչի բլուր» անվանումով տարածքն ու հարակից հատվածները, նախատեսվում է բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի ձևավորում։ Նախագիծը ներառում է բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային նշանակության օբյեկտների կառուցում, ինչպես նաև հասարակական լայնածավալ կառուցապատում և համաքաղաքային նշանակության հանգստի գոտու ստեղծում։

Տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետին դիմել է մասնավոր ընկերությունը՝ ներկայացնելով աշխատանքյաին էսքիզը և քաղաքաշինական ծրագրի ամփոփ հայեցակարգը:

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն դեպքերում, երբ ձեռքբերողը պետությունը չէ, կառավարության՝ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշմանը պետք է կցվի համապատասխան պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիր։ Այդ պայմանագրով սահմանվում են սեփականության օտարման գործընթացում կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը։

Գործող իրավակարգավորումներով, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքի և հարակից տարածքների նկատմամբ  հանրության գերակա շահ ճանաչելու համար անհրաժեշտ է ձեռքբերող ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր։

Ներկայում Տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, և մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները (մի մասը ապօրինի և/կամ ինքնակամ), դրանց տնամերձ հողամասերը և փողոցները:

Կախված իրացման ծավալներից` Ծրագիրը կարող է իրականացվել փուլային եղանակով կամ ամբողջությամբ: Կառուցապատման հայեցակարգը հիմնավորվում է գոտու բարձր քաղաքաշինական արժեքի, տարածքային ռեզերվների, կենտրոնի նկատմամբ ազգային և միջազգային աճող ներդրումային հետաքրքրության, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի կողմից էական ներդրումային և քաղաքի արդիականացման ու վերակառուցման հետևողական փորձի վրա:

Նախագծով նախատեսվող հիմնական հատակագծային և գործառական լուծումներն են՝

Երևան-Դաունթաուն՝ միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում (բանկեր, օֆիսային կառույցներ, հյուրանոցներ և այլն),

Միջազգային մշակութային կենտրոնի ստեղծում,

Միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում,

Համաքաղաքային նշանակության հանգստի գոտի՝ կանաչ տարածքների և բնական լանդշաֆտի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային մակերեսների ստեղծմամբ,

Բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակներ, մարզադահլիճներ և սոցիալական այլ ենթակառուցվածքներ,

Առանձին բնակելի թաղամասեր՝ դիվանագետների համար:

Leave a Comment