Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 4 սեթում ուժեղ գտնվեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչից՝ 2:6, 6:2, 6:3, 7:5։ Մրցախաղը տևեց 3 ժամ 2 րոպե։
38-ամյա Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ պարտվեց Australian Open-ի եզրափակիչում։ 38-ամյա սերբ թենիսիստն այս մրցաշարում հաղթել է ռեկորդային 10 անգամ։
22-ամյա Ալկարասը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ թենիսիստը, որը նվաճում է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի տիտղոսները։ Ավելի վաղ նա 2-ական անգամ հաղթել էր Ուիմբլդոնում (2023, 2024թթ․), «Ռոլան Գարոսում» (2024, 2025թթ․) ու ԱՄՆ-ի բաց առաջնությունոււմ (2022, 2025թթ․)։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն իսպանացի Ռաֆայել Նադալն էր, որը 24 տարեկանում էր հասել նման նվաճման։
Այս տարի Australian Open-ի չեմպիոնի կոչումը չէր կարողացել պաշտպանել աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը կիսաեզրափակիչում պարտվել էր Նովակ Ջոկովիչին։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։