«Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Դաշտավանում համախմբել էր Մասիսի տարածաշրջանի եկեղեցասեր երիտասարդներին։ Տոնի առիթով երիտասարդներին իր օրհնությունն ու շնորհավորանքը բերեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը,-տեղեկացնում են Մասյացոտնի թեմից՝ մանրամասնելով,- Հայր Սուրբն իր խոսքում անդրադարձավ երիտասարդների առաքելությանը՝ ընդգծելով նրանց կարևոր դերը Եկեղեցու կյանքում և հասարակության մեջ հույսի վերականգնման գործում։ Նրա խոսքով՝ այն հասարակությունը, որտեղ երիտասարդությունը ապագայի մեջ տեսնում է խոստում, այլ ոչ թե սպառնալիք, ապրում է հույսով ու լավատեսությամբ։ Երիտասարդությունն այն տարիքն է, երբ ուժը, էներգիան և արագությունը կարող են վերածվել արժեք ստեղծելու, բարիք արարելու զորության։

Հայր Ռուբենը առանձնահատուկ շեշտեց երիտասարդների կրթության կարևորությունը՝ ֆիզիկական, մտավոր և հոգևոր պատրաստվածությամբ։ Կրթության նպատակը առաքինի մարդ կերտելն է՝ արժեք ստեղծող, բարիք գործող և Սուրբ Սարգսի օրինակով՝ Քրիստոսին վկայող։
Միջոցառմանը ներկա էին երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը և հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։ Երիտասարդները հետաքրքրությամբ ունկնդրեցին Հայկ Պետրոսյանը բանախոսությունը Կոմիտաս վարդապետի մասին՝ համեմված արվեստի և երգի լեզվով ու գեղարվեստական պատկերավորությամբ»: