Գնա, ասաց Վեհափառը, ուշադիր եղիր, աղոթքով կլինես, տղաներին աջակից եղիր, միշտ աղոթիր. Գեղարդ Հովհաննիսյան

Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առանց որևէ հիմնավորման, լուծարել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը: Թեմայի առնչությամբ «News.5tv.am»-ը զրուցել է Ամարասի վանքի վանահայր` նախկին Տեր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի հետ (ներկայումս Գագիկ Հովհաննիսյան):

– Մենք գիտենք, որ տարիներ շարունակ այլ կրոնական կազմակերպություններ մշտապես դեմ էին արտահայտվում, որ ՀԱՍԵ հոգևորականները ծառայություն իրականացնեն բանակում, դա համարում էին իրենց իրավունքների ոտնահարում: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, այն կայացվել է ընդդեմ Վեհափառ հայրապետի՞, թե՞ ընդդեմ եկեղեցու, և հնարավո՞ր է, որ որոշումը դրսից պարտադրված լինի: 

– Որոշման վերաբերյալ իրավական կարծիք կարող են հայտնել Իրավաբանները, բայց փորձեմ հպանցիկ խոսել այդ մասին. Նախ` ՀԱՍԵ-ն ունի բացարձակ անկախ կարգավիճակ, անջատ է պետությունից։ Բայց սա չի նշանակում, որ քահանա հայրերի քարոզչությունը, ծառայությունը և ՀԱՍԵ գործունեությունը կարող է սահմանափակվել, արգելվել` մանավանդ, որ տեսնում ենք նաև բռնի արգելք, կարգալույծ հոգևորականներին նկատմամբ հովանավորչություն։ Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ այո, սա ուղիղ միջամտություն է Եկեղեցու ծառայության իրականացմանը, խոչընդոտ է հանդիսանում քահանայի գործունեության ազատությանը։ Սա, ինչպես նշեցիք, հարանվանությունների և կրոնական այլ կազմակերպությունների կողմից հաճախ ներկայացվել է իբրև իրենց լիազորությունների սահմանափակում։ Որպեսզի հստակ լինի և վերջնական պատասխան տրվի այս հարցերին, խորհուրդ կտամ վերստին ընթերցեն ՀՀ Սահմանադրությունը, որտեղ սևով` սպիտակի վրա, ամրագրված է ՀԱՍԵ գործունեության ազատությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանության կողմից, Եկեղեցու բարեկարգման անվան տակ կատարվում են անօրինություններ` օրինակները բազում են, ապա այս հրամանը ևս, ինքս դիտարկում եմ որպես ՀԱՍԵ դեմ գործողություն, որը իբրև թե ընտրությունների համար ձայներ կհավաքագրի` վերոնշյալ հարցի լուծման արդյունքում, այսինքն` աղանդավորները կստանան պետության հովանավորությունը և կհամարվեն ՀԱՍԵ հավասար։ Այստեղ հատուկ ուզում եմ շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ կարծեք թե այս հրամանով ՀԱՍԵ տրված բացառիկ դերը նվազեցվում է և ՀՀ իշխանության համար բոլորը հավասար են։ Դրսից պարտադրանք ունենալու առումով կարող եմ շատ պարզ պատասխան տալ. Իսկ այս իշխանության ո՞ր մի գործուղությունն է, որ դրսի թելադրանք չէ:

– 44-օրա պատերազմի ժամանակ Դուք, լինելով Եկեղեցու հոգևոր սպասավոր, մասնակցել եք պատերազմին, այլ հոգևորականներ ևս մասնակցել են, կան զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ: Մեր տեղեկություններով՝ Դուք ևս առողջական խնդիրներ եք ձեռք բերել: Ինչպե՞ս է Վեհափառ հայրապետը վերաբերվել այն հանգամանքին, որ զենք եք վերցնում՝ հայրենիքը պաշտպանելու համար:

– Մեր Մայր Եկեղեցու հստակ դիրքորոշումը հետևյալն է. Քահանան խաղաղության և սիրո քարոզիչն է, Քրիստոսի Սիրո և Համերաշխության։ Սակայն, լինելով ազգային` Մեր Եկեղեցին իր դիմակիծը չի կորցրել երբեք, դարերի ընթացքում եղել և կա ու կլինի հայրենիքի, ազգի, մշակույթի, լեզվի ու հայկականության կրողն ու պաշտպանը։ Ապացույցն է Վարդանանցը, Մուսալեռը, Բաշ֊Ապարանը, Քանի֊քանի հոգևորականներ` եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ ու սարկավագների անուններ գիտեն այս իշխանության անդամները, որոնց արյանի և արիության շնորհիվ է, որ հիմա անկախ Հայաստանում են ապրում՞։ Թե հերոսությունը, իրենց պատկերացմամբ, թշնամու առաջ ծնկելն է, ողորմություն խնդրելը, պարտադրված հանձնելն ու հային դավաճանելը։ Այո ես մասնակցել եմ և՜ ապրիլյան քառօրյա և՜ 2020 թվականի 44_օրյա պատերազմներին։ Այդ մասին տեղյակ եմ պահել Վեհափառին էլ, Թեմի Առաջնորդին էլ։ Եվ որոշումը միանշանակ էր. Ես հովիվ եմ քաջ, որ հոտը պետք է հովվի, խնամի, պաշտպանի գայլերից ու թալանից։ Նրանք, ովքեր կարծում են, որ Քրիստոնեությունը հանձնվելու, պարտվելու, վախկոտության կրոն է` ուրեմ ճիշտ չեն հասկացել վարդապետությունը։ Քրիստոսի Սերը երբեք մարդուն չի ստորացնում, այլ բարձրացնում է իր թշնամիների աչքին, ով որ մեր դեմ է մարտնչում` պիտի կործանվի։ Ես, որպես հայ երիտասարդ, որպես իմ Մայր Եկեղեցու կարգախոսի կրող` կամավորագրվել եմ և մեկնել ռազմաճակատ, պատրաստ եմ եղել վճարել թանկ գինը` հանուն Ամարասի, իմ ժողովրդի, իմ հայրենիքի։ Այո Վեհափառ Հայրապետին տեղյակ եմ պահել որոշմանս մասին. Արձագանքը Վեհափառի կողմից ինձ ավելի ուժեղ դարձրեց. 

Գնա, ասաց, ուշադիր եղիր, աղոթքով կլինես, տղաներին աջակից եղիր, միշտ աղոթիր։ Աստված քո հետ, հիշիր` սպասում ենք քեզ, որ վերադառնաս անփորձանք ու ապահով։ Եվ հավատարիմ իմ ուխտին` հնազանդ եմ և հավատարիմ Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միաբանությանը և հայի ոգուն, որը պահպանվում է, սնվում և ապրում է միայն Հայ Հոգևորականի միջոցով, նրա խոսքի, աղոթքի ու ներկայության միջոցով։

Leave a Comment