31 հունվարի 2026 – 13:33 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը ԵԽԽՎ-ում իր ելույթի վերաբերյալ, սուտ է որակել վերջինիս հայտարարությունները:
«2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից: Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ:
Հ.Գ. Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին` սույն անձն ուղղակի ստել է, բայց դե իր դեպքում դա թերևս նորմալ է»,-գրել է նա:
Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի ասուլիսում ասել էր․ «ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Մեղադրելը, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է»։
«Փաստերի ստուգման հարթակը» (FIP) ուսումնասիրել է Քոչարյանի պնդումները և արձանագրել, որ Քոչարյանի ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը:
«Փաստացի Արարատ Միրզոյանը պատգամավորի հարցին պատասխանելիս ԵԽԽՎ նիստում չի խոսել եկեղեցու կողմից «իշխանություն վերցնելու» մասին։ Նախարարի ելույթում չկա պնդում, թե եկեղեցին որպես ինստիտուտ փորձում է իշխանություն վերցնել։ Նա խոսել է առանձին անձանց գործողությունների և իրավական գնահատականի մասին»,- գրել է FIP-ը։
ԵԽԽՎ նստաշրջանում Միրզոյանն ասել է․ «Ինձ համար Հայաստանը իրավական պետություն է։ Բոլորը, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հարգեն օրենքը, անկախ նրանից՝ հոգևորական են, քաղաքական գործիչ, պետական ծառայող, դիրիժոր, թե՞ արվեստագետ։ Կարոևոր չէ։ Հետևաբար, դատական գործընթացներ են ընթանում, և ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը։ Բայց մենք նաև տեսել ենք, լսել ենք այս հրապարակային կոչերը՝ պաշտոնանկության, ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության բռնի հեռացման, ինչպես նաև սպանության կոչեր։ Սա տխուր իրականությունն է Հայաստանում։ Որոշ հոգևորականներ այսպես են վարվել»։