Քահանան ահազանգել է եկեղեցու տարածքում ՌՈ մեքենայի մասին, ՊՆ-ն պարզաբանել է՝ «բնականոն ծառայություն է»

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը պատկանում է Հայաստանի ԶՈՒ Հոգևոր առաջնորդությանը, այսօր առավոտից գտնվում է Ռազմական ոստիկանության մեքենայի հսկողության տակ, հայտնել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ չբացառելով, որ ՌՈ ծառայողները կարող են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Armenia Today-ին պարզաբանեց, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում ՌՈ-ի բնականոն ծառայություն է ընթանում։

«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա»,- նշեց նա։

ՀՀ զինված ուժերում դադարեցվելու է Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայության ներկայացուցիչների գործունեությունը՝ ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշման։

Հունվարի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ Պապիկյանի հրամանով փետրվարի 1-ից Հայաստանի զինված ուժերում այլևս չի գործելու հոգևոր ծառայությունը։ Տարբեր հոգևորականներ «Ազատության»-ը պատմել էին, որ հրամանատարները ճնշում են գնդերեցներին, փորձում ներքաշել եկեղեցու «բարենորոգման արհեստական շարժման մեջ»:

Leave a Comment