Պուտինն Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի հարցերը և երկկողմ հարաբերությունների ընդլայնումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին նշել է, որ բանակցությունների հիմնական թեմաներն էին երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և Մերձավոր Արևելքի հարցերը։ «Բանակցությունների հիմնական թեման երկկողմ հարաբերությունների ընդլայնումն էր, մասնավորապես՝ երկու երկրների միջև տնտեսական կապերը։ Միաժամանակ, երկու կողմերը խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ», – դեսպանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Լարիջանիի այցը Մոսկվա տեղի է ունեցել Իրանում 2025 թվականի դեկտեմբերի վերջին սկսված բողոքի ցույցերից հետո ստեղծված իրավիճակի ֆոնին։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ուղղված տարբերակներ, որոնք ներառում են անվտանգության ուժերին և առաջնորդներին թիրախային հարվածներ հասցնելը՝ ցուցարարներին ներշնչելու համար։

Հունվարի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը և օժանդակ նավերը հասել են Մերձավոր Արևելք։ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան»։ Նրա խոսքով՝ ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է «արագ կատարել իր առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում՝ ուժ և բռնություն կիրառելով»։ Այս ֆոնին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փետրվարի 1-ին և 2-ին Հորմուզի նեղուցում կանցկացնի մարտական ​​կրակով զորավարժություններ։

Leave a Comment