Քննարկվել է միասնական call center-ի նախագիծը

Քննարկվել է միասնական call center-ի նախագիծը

Այսօր հանդիպում եմ ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ՝ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի և ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Քննարկել ենք պետական և ՏԻՄ ծառայությունների համար ԱԲ-հիմքով զանգերի և չաթ կենտրոնի միասնական համակարգի նախագծումն ու ներդրումը՝ ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ։

Ընդգծել եմ, որ ԱԲ-ի կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործում ՀՀ կառավարության առաջնահերթություններից է՝ համակարգային մոտեցումների անցմամբ։ Կարևորել եմ ԱԲ-ի դերը ծառայությունների որակի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդման գործում։

Առանձնահատուկ շեշտադրել եմ պետություն–մասնավոր հատված համագործակցության և տեղական լուծումների զարգացման կարևորությունը։ Քննարկել ենք շուկայի ուսումնասիրությունը, հնարավոր տեխնիկական լուծումները, ինչպես նաև տվյալների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հարցերը։

Նախագիծը նախատեսում է միասնական հարթակ՝ չաթբոտ, ձայնային գործակալ, կենդանի օպերատորի միջավայր և վարչական մոդուլ՝ հայերեն և անգլերեն։ Համակարգը միտված է քաղաքացիների արդյունավետ, ճշգրիտ և 24/7 սպասարկման ապահովմանը՝ ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment