RSF-ը ժողովրդավարական կառավարություններին կոչ է անում ուժեղացնել ճնշումն Ալիևի վրա ադրբեջանցի բանտարկված լրագրողների հարցով

Քաղաքականություն

30.01.2026 | 21:28

Միջազգային համերաշխության արշավի շրջանակում «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը Բեռլինում, Փարիզում և Բեռնում ինստալյացիաներ է նախաձեռնել՝ վերստեղծելով ադրբեջանցի լրագրողների կալանքի պայմանները՝ ուշադրություն հրավիրելու Ադրբեջանում լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավիճակի վրա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանցի լրագրող Սևինջ Վագիֆգըզին կալանքի տակ է ավելի քան 800 օր։ Այս ընթացքում բանտի պաշտոնյաները բռնություն են գործադրել նրա նկատմամբ, զրկել են նրան անձնական իրերից, բավարար սննդից ու ջրից։ Abzas Media-ի գլխավոր խմբագիր Վագիֆգըզին 675 օր անց տեղափոխվել է հեռավոր և անհասանելի բանտ՝ հետագա մեկուսացման համար։ Նա ու ևս 24 անկախ ադրբեջանցի լրագրողներ ձերբակալված են իրենց քննադատական ​​աշխատանքի համար»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Համակարգի նկատմամբ իրենց քննադատական ​​​​կարծիքների համար անկախ լրագրողները ստիպված են դիմանալ ադրբեջանական բանտերի նվաստացուցիչ պայմաններին, բախվելով կտտանքների, միջատների, կեղտի և հոգեբանական սպառնալիքների: Այս գործողությամբ, որը վերստեղծում է բանտային պայմանները, մենք ընդգծում ենք մամուլի համակարգային ճնշումը Ադրբեջանում և հիշեցնում բոլորին, որ նույնիսկ ճաղերի հետևում այս լրատվամիջոցների ներկայացուցիչները շարունակում են պաշտպանել տեղեկատվության և խոսքի ազատությունը: Մենք կոչ ենք անում աշխարհի ժողովրդավարական կառավարություններին ուժեղացնել ճնշումը ադրբեջանական իշխանությունների և նախագահ Ալիևի վրա»,- իր հերթին ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի հարցերով  խորհրդատու Ալյոնա Ստրույը։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ընդգծում է, որ կոռուպցիան խորապես արմատացած է Ադրբեջանում և արտացոլվում է նույնիսկ բանտային պայմաններում։ Օրինակ՝ ծանր հիվանդ լրագրող Ալասկար Մամեդլին բժշկական օգնություն չի ստանում, իսկ լրագրող Նարգիզ Աբսալամովան հայտնում է, որ բժիշկները երբեմն դեղորայքի և բժշկական ծառայությունների համար պահանջում են սովորական վճարների եռապատիկը։

25 բանտարկված լրագրողների պատմություններն ու դեմքերը RSF-ի համերաշխության արշավի կենտրոնում են։

Ինստալյացիայի այցելուները կարող են լսել և կարդալ լրագրողների մեջբերումներն ու զեկույցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment