«Նախարարն էլ ունի կյանք». Անահիտ Ավանեսյանը ֆլեշմոբ է նախաձեռնել Փաշինյանի դիսկոտեկին ընդառաջ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆլեշմոբ է նախաձեռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիսկոտեկին ընդառաջ, որի ընթացքում կպարի մի շարք երիտասարդների հետ։ Այդ մասին նա մանրամասնել է ԱԺ-ում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման վերաբերյալ քննարկումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Պարի վիդեոն Փաշինյանը հրապարակել էր հունվարի 29-ին։

Նախարարի խոսքով՝ ֆլեշմոբի միտքն առաջացել է մի քանի օր առաջ հարցազրույցի ժամանակ։ Պարի ֆորմատն ընտրել է, քանի որ «երգելու կամ նվագելու շնորհք չունի»։

«Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում և երեխաներիս հետ եմ հեռախոսով շփվում, այո, երբեմն պարում էլ եմ։ Դա անում եմ աշխատանքից դուրս՝ երեկոյան ժամերի, և ես կարծում եմ երկար, բարդ, ծանր աշխատանքի հետ մարդը պիտի ունենա նաև այլ հետաքրքրություններ․ գիրք կարդա, պարի, երգի, շփվի, որպեսզի կարողանա իր հոգեկան առողջությունը պահել»,- ասել է նա։

Ավանեսյանը նաև մեկնաբանել է այն մեղադրանքները, որ ֆլեշմոբով է զբաղվում այն ժամանակ, երբ այսքան խնդիրներ կան առողջապահական ոլորտում, հատկապես պարտադիր ապահովագրման համակարգի ներդրման հետ կապված։ Նա պնդում է, թե աշխատում է աշխատանքային ժամերից շատ ավելի երկար և, նաև «ունի կյանք»։

Նախարարը չի բացառել, որ «Քաղաքացիական պայմանագրի» կին պաշտոնյաները և կին պատգամավորները ընդհանուր մի համույթ ձևավորեն և, օրինակ, նման պարով հանդես գան։ «Դե, տեսեք, հարցազրույցից միտք էր առաջացել, դարձավ իրականություն։ Հիմա գործընկերներս կլսեն, կարող է՝ այս միտքն էլ կարողանանք իրագործենք, ինչու՞ ոչ։ Կարող եք դուք լրագրողներով էլ միանալ, ինչի՞ չէ», -ասել է նա։

Leave a Comment