Իրանը պատրաստ է «անկեղծ» բանակցությունների ԱՄՆ-ի հետ, բայց` ոչ պաշտպանական կարողությունների շուրջ. Արաղչի

Իրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն դրանք պետք է լինեն արդար և չներառեն Իրանի պաշտպանական կարողությունները, քանի որ տարածաշրջանային տերություններն աշխատում են կանխել երկու թշնամիների միջև ռազմական հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ նախատեսում է խոսել Իրանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել ևս մեկ ռազմանավ, իսկ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ կլինեն իրականացնել նախագահի ցանկացած որոշում։

Իրանի հետ բանակցությունները վերսկսելու՝ ԱՄՆ-ի հիմնական պահանջներից մեկը նրա հրթիռային ծրագրի զսպումն է, անցյալ շաբաթ Reuters-ին ասել էր իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Իրանը մերժում է այդ պահանջը։

«Եթե բանակցություններն արդար և հավասար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել նման բանակցություններին»,- Ստամբուլում իր թուրք գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նա ասել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն կազմակերպվել։ Տարածաշրջանային դաշնակիցները, այդ թվում՝ Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Սաուդյան Արաբիան, դիվանագիտական ​​ջանքեր են գործադրում՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմական բախումը կանխելու համար։

ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սպառնալիքներին ի պատասխան՝ Արաղչին ասել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների և  պատերազմի։ Արաղչին, որը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ իր բանակցությունները որակել է «լավ և օգտակար», ասել է նաև, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանային երկրների հետ՝ կայունությունն ու խաղաղությունը խթանելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment