30 հունվարի 2026 – 15:05 AMT
PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է, որ համընդհանուր ապահովագրության դեպքում տարեկան ծախսի վերին շեմ չկա, սակայն կան ծառայությունների սահմանափակումներ:
«Օրինակ բերեմ` արտահիվանդանոցային կարգով ՄՌՏ հետազոտության տարվա երկու դեպք ենք փոխհատուցում: Դրանից ավելին արդեն ապահովագրական փաթեթից դուրս է»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Սահմանափակում կա նաև, օրինակ, նեղ մասնագետի խորհրդատվության մասով, նախատեսվում է երկու խորհրդատվության փոխհատուցում:
«Ամեն ծառայության որոշակի շեմեր կան, և ունենք առավել փոխհատուցման գներ, և դրանից ավելի արդենչենք փոխհատուցում կոնկրետ ծառայության արժեքը»,- ասաց նա:
Ավանեսյանը հայտնել է, որ քաղիրավական պայմանագրով աշխատողները կապահովագրվեն 2027-ից, իսկ կամավոր միանալու տարբերակը դեռ քննարկման փուլում է, գրում է Sputnik Արմենիան:
«Այս պահին համակարգը գործում է միայն աշխատանքային պայմանագրերով աշխատողների համար»,– ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ գերատեսչությունը ստանում է բազմաթիվ հարցեր՝ կապված համակարգին կամավոր միանալու հնարավորության հետ։ Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր չեն աշխատում քաղիրավական պայմանագրով, սակայն ունեն եկամուտ, օրինակ՝ բարեկամի աջակցությամբ։
«Կան մարդիկ, որոնք քաղիրավական պայմանագրով չեն աշխատում, բայց եկամուտ ունեն, օրինակ՝ բարեկամն է ֆինանսավորում և այլն։ Նախատեսել էինք, որ կամավոր կարող են միանալ 2028 թվականի հունվարի 1-ից, սակայն մոնիտորինգ կանենք և վեց ամիս հետո կքննարկենք՝ արդյոք 2027 թվականի հունվարի 1-ից նրանք կարո՞ղ են կամովին միանալ համակարգին»,– նշել է Ավանեսյանը։
Քննարկման սկզբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ հունվարի 29-ի դրությամբ 65 և բարձր տարիքի 50,073 թոշակառու արդեն ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետական բյուջեի միջոցներով։
Ըստ Կոնջորյանի՝ 57 թոշակառու ստացել է մինչև 4 մլն դրամի աջակցություն, 158-ը՝ 2-4 մլն դրամի, իսկ 802 քաղաքացիներ՝ 1-2 մլն դրամի աջակցություն։
Ավանեսյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ ապահովագրական համակարգում ընդգրկված է 1,571,181 անձ։ Ըստ տարիքային ու սոցիալական խմբերի՝ բաժանումը հետևյալն է. մինչև 18 տարեկաններ՝ 39.9 տոկոս (մոտ 627,000 անձ), 65 տարեկանից բարձր անձինք՝ 32.5 տոկոս (մոտ 510,000 անձ), սոցիալական աջակցության խմբեր՝ 9.3 տոկոս (մոտ 146,000 անձ), 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցողներ՝ 18.3 տոկոս (մոտ 287,000 անձ)։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։
Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։