ԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է CertScan հարթակի ներդրումը ՀՀ մաքսային համակարգում

ԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է CertScan հարթակի ներդրումը ՀՀ մաքսային համակարգում

30 հունվարի 2026 – 11:31 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ դեսպանության «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակում ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանին՝ դիտարկելու Հայաստանում CertScan® Inspection ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները։

Նշվում է, որ S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ մաքսային ծառայության աշխատանքին։

«Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» ծրագիրը հատկացրել է 3․5 միլոն ԱՄՆ դոլար այս առաջադեմ հարթակի ներդրման նպատակով, որը թույլ կտա ամրապնդել սահմանային անվտանգությունը, արդիականացնել առևտրային գործընացները և նպաստել եկամուտների հավաքագրմանը։

CertScan ինտեգրացիոն հարթակը հնարավորություն կտա տարբեր սահմանային անցակետերում տեղադրված ռենտգենյան սկանավորման համակարգերից ստացվող պատկերները համախմբել մեկ միասնական հարթակում, որը տնօրինվում է կենտրոնացված կարգով Երևանից։

«Այս հարթակը կնպաստի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի նպատակների կենսագործմանը՝ նպաստավոր հիմքեր ապահովելով տարածաշրջանային առևտրի և կապուղիների ընդլայնման համար, բարելավելով ռիսկերի կառավարումը, բացահայտելով կասկածելի բեռներն ու խթանելով օրինական առևտուրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment