Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել այն օրինագծին, որը չեղարկում է «ամուսնական պարտք» հասկացությունը։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Օրենքի վերջնական ընդունման դեպքում կամրագրվի, որ ամուսինները պարտավոր չեն սեռական հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Այժմ փաստաթուղթը պետք է քննարկվի Սենատում։
Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ օրենքը կընդունվի մինչև ամառ։
«Ամուսնությունը չի կարող լինել մի փակ աշխարհ, որտեղ սեռական հարաբերությունների համաձայնությունը համարվում է վերջնական և ցմահ», — նիստի ժամանակ հայտարարել է օրինագծի համահեղինակ, պատգամավոր Մարի-Շարլոտ Գարենը։
Թեև «ամուսնական պարտքը» ուղղակիորեն նշված չէ Ֆրանսիայի Քաղաքացիական օրենսգրքում, սակայն գործող ձևակերպումները թույլ էին տալիս տարբեր մեկնաբանություններ.
Օրենսգիրքը սահմանում է, որ «ամուսինները պարտավոր են վարել համատեղ ընտանեկան կյանք»։ Պատգամավորների կարծիքով՝ սա դատարանների կողմից կարող է ընկալվել որպես «անկողինը կիսելու պարտավորություն»։
2019 թվականին Վերսալի վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ ամուսնու, ով ամուսնալուծություն էր պահանջում այն պատճառով, որ կինը հրաժարվում էր սեռական հարաբերությունից։ Օրինագծի նախաձեռնող Սառա Լեգրենը նշել է, որ փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել ամուսնության մեջ տեղի ունեցող բռնաբարությունները։