ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ալ Նահյանն, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, հայտարարել է, որ ԱՄԷ-ն աջակցում է խաղաղության հասնելու նպատակով հակամարտությունների քաղաքական լուծումներ գտնելուն ուղղված ցանկացած քայլի։
Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ հունվարի 29-ին կանցկացվեն Ռուսաստանի և ԱՄԷ-ի բանակցությունները։ Քննարկման առանցքում են Ռուսաստանի և ԱՄԷ-ի բազմապլանային համագործակցության առանցքային ուղղությունները, Մերձավոր Արևելքում իրադրությունը և միջազգային օրակարգի այլ հարցեր։
Հունվարի 23-24-ը Աբու Դաբիում տեղի են ունեցել անվտանգության հարցերի շուրջ ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի խորհրդակցությունները, որոնց ժամանակ քննարկվել են տարածքային հարցեր։ Բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի կրկին Աբու Դաբիում փետրվարի 1-ին։