Փաշինյան․ Հայկ Սարգսյանի նկատմամբ սկսվել են իրավական գործընթացներ

Փաշինյան․ Հայկ Սարգսյանի նկատմամբ սկսվել են իրավական գործընթացներ

29 հունվարի 2026 – 16:35 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ վերջին շրջանում հնչեցրած դժգոհություններին և նրա նկատմամբ կուսակցության ձեռնարկած քայլերին։

Վարչապետն ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, որին հետևել են իրավական գործընթացներ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ՔՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ–ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա պետք է պարզ լինի բոլորի համար», – հայտարարել է Փաշինյանը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը երկու առանձին որոշմամբ մերժել է Հայկ Սարգսյանի ներառումը նախընտրական ցուցակում։ Առաջին որոշմամբ նա չի ընդգրկվել նախնական ցուցակում, իսկ երկրորդով՝ մերժվել է բողոքարկման հայտը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ազգային ժողովի ընտրությունները նախատեսվում են անցկացնել 2026 թվականի հունիսի 7-ին։

Leave a Comment