Radar Armenia-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրել է՝ հնարավո՞ր է սցենար, որ ԱԺ անցնեն նրա, Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը և կոալիցիա կազմեն, և այդ ժամանակ վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը կլինի նախապայմա՞ն, թե՞ պատրաստ է կոմպրոմիսի։
«Թե հետո ով կլինի վարչապետ, ով չի լինի, կա շատ պարզ տարբերակ. ով ավելի մեծ տոկոս է հավաքում, նրա առաջնային իրավունքն է վարչապետ առաջարկելը։ Եթե մեր քաղաքական ուժն այդ առաջին տեղը չի լինի, իհարկե, ես որևէ հավակնություն չեմ ունենալու: Ես ինձ չեմ տեսնում՝ գնալու, կառավարությունում նախարար աշխատելու, բայց մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ մարդիկ, որ այդ փորձը ունեն ու գիտելիքը, և կարող են անել»,- ասել է Քոչարյանը։
«Պարզ է, որ ես ինձ չեմ տեսնում, որ մանդատը վերցնեմ, գնամ պատգամավոր դառնամ, և անցած անգամ ես մանդատը չեմ վերցրել:
Այստեղ խնդիր չկա, ընդհանրապես, խնդիր չկա»,- նշել է նա։
Ըստ Քոչարյանի, եթե շատ ձայներ հավաքած այլ թեկնածուի պատճառով չեն կարողանում կոնսենսուսի գալ ընդդիմադիր դաշտում, կա երկու տարբերակ՝ կամ երկրորդ փուլ, որ սահմանադրությունն է նախատեսում, «կամ այդ քաղաքական ուժն ասում է՝ ես պատրաստ եմ կոմպրոմիսի, պատրաստ եմ այլ տեխնոկրատ վարչապետի թեկնածության»․
«Իմ կարծիքով, ավելի ճիշտ է՝ չմտնել երկրորդ փուլի մեջ, այլ կոնկրետ գնալ փոխզիջումային տարբերակով, գտնել այնպիսի լուծում, որ հնարավորություն կտա ավելի քիչ ցնցումներով առաջ շարժվել»- նշել է նա։
