Փաշինյան․ Բանակում համազգեստի փոփոխությունը շարունակական է լինելու

Փաշինյան․ Բանակում համազգեստի փոփոխությունը շարունակական է լինելու

29 հունվարի 2026 – 11:32 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարել է, որ բարեփոխումներից մեկը՝ համազգեստի արդիականացումը, շարունակական բնույթ է կրելու, հայտնում է Sputnik Արմենիան:

Դեկտեմբերի 16-ին Փաշինյանը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է բանակի նոր դաշտային համազգեստների նախնական նմուշները, որոնք հետո ակտիվ քննարկումների առիթ են դարձել։

«Կարծում եմ, որ մենք որակական նոր համազգեստ ենք ունենալու, որը կարևոր է։ Ընդ որում դեռ նախնական դաշտային համազգեստի նմուշներն ունենք, մենք շարունակելու ենք այս գործընթացը և ունենալու ենք նաև ամենօրյա և տոնական համազգեստներ` բոլորովին նոր տրամաբանությամբ։ Ես հասկանում եմ նաև որոշակի պեսիմիզմը կամ հոռետեսությունը, որ երբեմն լինում է համազգեստի հետ կապված, դա նորմալ, սովորական պրոցես է։ Ես դա նմանեցնում եմ 1990–ականների սկզբին հայտնի մի երևույթի հետ, երբ երկար ժամանակ համոզված էինք, որ մեխանիկական փոխանցումով ավտոմեքենան շատ ավելի լավն է, քան թե ավտոմատ փոխանցումովը։ Հետո հասկացանք, որ ավտոմատ փոխանցման մեջ մեխանիկական հատված էլ կա»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ անընդունելի է, որ ռազմական կամ ոստիկանության համազգեստները 15-20 տարի չփոփոխվեն և մնան նույնը՝ առանց որևէ արդիականացման։

«Ես չեմ ասում, որ անընդհատ պիտի փոխվի, բայց համազգեստի վրա պիտի 5 տարին մեկ անգամ մի նյուանս ավելանա, մի քիչ լավարկվի և այդպես շարունակ։ Այստեղ միայն ֆիզիկական մաշվածության խնդիրը չէ, այլ նաև բարոյական մաշվածության խնդիր կա»,– հայտարարել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ համաշխարհային փոփոխությունները պահանջում են նաև ներպետական հարմարվողականություն, այլապես հնարավոր չէ տեղավորվել նոր իրողությունների մեջ։

2025-ի հոկտեմբերի 24-ին Սուրեն Պապիկյանը հայտնել է՝ սպասում են ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստների առաջին խմբաքանակի մատակարարմանը։ Նա նաև նշել է, որ ստանդարտները արևմտյան են, սակայն զուգորդված են հայկական խորհրդանիշներով ու տարրերով։ Պապիկյանը վստահեցրել է, որ նոր համազգեստով ապահովվելու են բոլորը՝ սկսած շարքայինից մինչև գեներալ՝ բարձր որակով, նոր ձևավորմամբ և ժամանակակից չափանիշներով։

Leave a Comment