Զուրաբյան. Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը հիմա ֆավորիտ է

Զուրաբյան. Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը հիմա ֆավորիտ է

28 հունվարի 2026 – 16:50 AMT

PanARMENIAN.Net – ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախընտրական այս շրջանում ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը ֆավորիտ է։

«Իհարկե, նրանց հետ բանակցում ենք, իրենք հիմա ունեն հնարավորություն՝ ստեղծել համազգային լուրջ համախմբում, իրենցից է կախված՝ իրենց աստեղային ժամը կստանան, թե բաց կթողնեն, մեր կողմից կա պատրաստակամություն՝ միասնական թիմ ստեղծելու համար»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:

Նա նաև տեղեկացրել է, որ այլ քաղաքական ուժերի հետ իրենց բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

«Այո, մենք կարծում ենք, որ միավորումները կբերեն ավելի արդյունավետ պայքարի, բայց մենք նաև չենք մոռանում, որ չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ միգուցե դա էլ չլինի այդ համախմբումը: Մենք ունենք մեր գաղափարները, մեր ծրագրերը, մեր ասելիքը, որը իրավունք չունենք չներկայացնենք մեր ժողովրդին։

Իհարկե, Փաշինյանի դեմ պայքարը ավելի արդյունավետ կլինի, եթե համախմբումը կայանա, բայց եթե չի կայանում, մենք չպետք է հուսահատվենք, համարենք խաղն արդեն տանուլ տրված»,-ասել է նա:

Զուրաբյանն ընդգծել է, որ իրենք հանդես են եկել համախմբման կոմիտեի ձևավորման առաջարկով, որը պետք է կանխի լիդերության շուրջ պայքարը՝ տալով հնարավորություն կոմիտեին՝ հետագայում որոշել վարչապետի թեկնածուի հարցը։

«Սա բավական ճկուն մոդել է, որը ոչ մեկ չի հերքում կամ մերժում, բայց գործը առայժմ առաջ չի գնում»,-ասել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին:

Leave a Comment