Իրանի դեմ ցանկացած արկածախնդրություն կհանգեցնի լուրջ կորուստների Միացյալ Նահանգների համար:
Այս մասին նշել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին։
«Մենք ունենք թշնամուն վնաս հասցնելու հնարավորություններ։ Եվ նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած արկածախնդրություն կհանգեցնի լուրջ կորուստների», – ընդգծել է Սայարին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Իսլամական Հանրապետությանը՝ Մերձավոր Արևելք նշանակալի ամերիկյան ուժեր ուղարկելու մասին հայտարարություններով, սակայն իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կարգը:
Իսկ ԻՀՊԿ-ի փոխհրամանատար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հռետորաբանությունից, և որ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները արտացոլում են Ամերիկայի ներքին խնդիրների խորությունը: