Տնտեսագետ, «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը խոսել է հեղուկ գազի շուկայում վերջին թանկացումների, պետական վերահսկողության արդյունավետության և էներգակիրների ոլորտում արձանագրված խնդիրների մասին։
Անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներմուծմանը՝ Կամենդատյանը թեման դիտարկել է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական համատեքստում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը ներկայացվում է որպես այլընտրանքային մատակարարում, սակայն իրականում ունի ավելի խորքային նպատակներ։
«Ադրբեջանն այս իմաստով կատարում է շատ այսպես պրագմատիկ աշխատանք: Ձեզ տալիս եմ կոպեկներով ուրախանալու հնարավորություն, բայց դուք դառնում եք ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի դեսպաններ ձեր իսկ երկրում։ Ադրբեջանն այս քայլերով փորձում է հայ սպառողին, տնտեսական հետաքրքրություն ունեցող մարդուն հաշտեցնել մեր Արցախի կորստի հետ»,- նշել է նա։
Տնտեսագետի գնահատմամբ՝ նման մատակարարումների արդյունքում ձևավորվող ֆինանսական հոսքերը նպաստում են Ադրբեջանի տնտեսական և ռազմական հնարավորությունների ամրապնդմանը՝ հաշվի առնելով նաև այդ երկրի և Հայաստանի տնտեսական ներուժների անհամաչափությունը։
Փորձագետն անդրադարձել է նաև հեղուկ գազի շուկայում տեղի ունեցած թանկացումներին։ Նրա խոսքով՝ գների աճը մեկօրյա գործընթաց չէր, ձևավորվել է օրերի ընթացքում։ Նրա գնահատմամբ՝ լիազորված մարմինները պետք է ժամանակին արձագանքեին և հստակ գործողությունների պլան ունենային։
«Մենք ունենք էներգակրի գնի մոտ 80 տոկոսանոց թանկացում, մինչդեռ կարգավորող մարմինը պարզապես ծպտուն չի հանում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի արձագանքն ուշացած էր։
Նրա խոսքով՝ Լարսի փակվելը չի կարող դիտարկվել որպես անսպասելի հանգամանք. տարիներ շարունակ հայտնի են սեզոնային ռիսկերը, և ինչպես նշել է Կամենդատյանը, պետությունը կարող էր նախապես կիրառել պահեստավորման ու մատակարարումների կառավարման մեխանիզմներ՝ մեղմելու շուկայական շոկերը։
Տնտեսագետը շեշտել է, որ խնդիրը միայն մասնավոր տնտեսվարողների վարքագիծը չէ, այլ նաև այն, որ պետական կառավարման համակարգում որոշումներ կայացնողները հաճախ կտրված են տնտեսությունից և չեն օգտագործում իրենց ունեցած լծակները կանխարգելիչ քաղաքականություն վարելու համար։
Հաղորդման ընթացքում Կամենդատյանը խոսել է նաև սոցիալական քաղաքականության մասին՝ անդրադառնալով թոշակների «հետվճարի» մեխանիզմին և նպաստների տրամադրման հնարավոր փոփոխություններին։ Նրա համոզմամբ՝ այդ մոտեցումները հասարակության լայն շերտերի համար լուծում չեն և առաջացնում են սոցիալական արդարության հարցեր։
«Պետական այն պաշտոնյան, ով ասում է մինչև 10000 դրամ, այսպես ասած, կվաստակեք հետվճարով, ցինիկ հանցագործ ու ցինիկ խաբեբա է»,- ընդգծել է նա։
Տնտեսագետը գնահատականներ է տվել նաև Հայաստանի պարտքային քաղաքականությանը՝ ուշադրություն հրավիրելով արտաքին ֆինանսավորման բարձր արժեքի և դրա երկարաժամկետ հետևանքների վրա։ Նա նշել է, որ նման քաղաքականության պայմաններում հատկապես կարևոր է պետական միջոցների նպատակային և հաշվետու օգտագործումը։
Կամենդատյանը քննադատել է պետական համակարգում պարգևավճարների պրակտիկան՝ շեշտելով, որ հանրային ռեսուրսների բաշխումը պետք է լինի համաչափ, թափանցիկ և հիմնված աշխատանքի իրական արդյունքների վրա։
«Դա պարգև չէ, խարան է։ Կային պաշտոնյաներ, որոնց խարանը կազմում էր թոշակառուի 25 տարվա թոշակը։ Ինչքանո՞վ է դա արդարացի»,- հավելել է փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
