Վստահ եմ՝ միասնական ջանքերով կկարողանանք ապահովել խաղաղ ու անվտանգ ապագա մեր երկրի համար․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հայաստանի բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը՝ որպես օր, որը խորհրդանշում է մեր անկախության, անվտանգության և պետականության ամրությունը։ Այս տարեդարձը ևս մեկ հնարավորություն է արժևորելու զինված ուժերի դերն ու նշանակությունը երկրի պաշտպանության գործում։

Հայաստանի զինված ուժերը ձևավորվել են պատմականորեն բարդ պայմաններում՝ ազգային միասնության, կամքի և հայրենասիրության վրա հիմնված։ Բանակը մեր պետականության կարևոր հենասյուներից մեկն է կանգնած երկրի խաղաղության և անվտանգության պահպանման առաջնագծում։

Այսօր մեր զինվորներն ու սպաները բարձր պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են իրենց ծառայությունը՝ պաշտպանելով պետական սահմանները և ապահովելով հանրապետության կայունությունը։ Նրանց պատրաստվածությունն ու զգոնությունը մեր անվտանգության կարևոր երաշխիքն են։

Բանակի զարգացումն ու արդիականացումը՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը և ժամանակակից զինտեխնիկայի ներդրմանը, պետության առաջնահերթությունն է և մենք շարժվում ենք այդ ուղիով տարեց տարի նոր բարեփոխումներ իրականացնելով բանակում։

Սիրելի՛ զինծառայողներ,

Ձեր ծառայությունը բարձր գնահատանքի արժանի է։ Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին և ապահովել խաղաղ ու անվտանգ ապագա մեր երկրի համար։

Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, միասնություն և առաջընթաց։

Փառք զինված ուժերին,

Փառք նահատակներին,

Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Leave a Comment