Amnesty International-ը կոչ է արել Ալիևին ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Amnesty International-ը կոչ է արել Ալիևին ազատ արձակել բանտարկված լրագրողներին

28 հունվարի 2026 – 15:38 AMT

PanARMENIAN.NetAmnesty International իրավապաշտպան կազմակերպությունը սկսել է միջազգային արշավ ուղղված Ադրբեջանում Meydan TV-ի գործով կալանավորված լրագրողների ազատ արձակմանը։ Կազմակերպությունը կոչ է անում քաղաքացիներին դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ լրագրողներին ազատ արձակելու խնդրանքով, հայտնում է Factor.am-ը։

Կազմակերպության պատրաստած դիմումի ձևանմուշում նշվում է, որ գործի շրջանակում ձերբակալվել է 12 անձ, որոնցից առնվազն երեքը շտապ բժշկական օգնության կարիք ունեն։

«Լրագրողների քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և անկախ լրատվամիջոցների նկատմամբ կառավարության կողմից շարունակական ճնշումների մաս է կազմում։ Կոչ ենք անում անհապաղ օգնել դադարեցնել նրանց կամայական կալանքն ու հետապնդումները, խորը մտահոգություն ենք հայտնում առնվազն երեք անձի առողջության վատթարացման կապակցությամբ, որոնց մերժվել է անհրաժեշտ բժշկական օգնությունը։

Բավարար բժշկական օգնության բացակայությունը և այն պայմանները, որոնցում պահվում են 12 լրագրողները, ներառյալ՝ խցերի գերբնակեցումը, սեռական ոտնձգությունները և սպառնալիքները, ինչպես նաև հոգեբանական ճնշումը, կարող են համարվել խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք և խախտում են Ադրբեջանի մարդու իրավունքների պարտավորությունները»,- ասվում է դիմումում։

Amnesty International-ը հատուկ ընդգծել է, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեն Meydan TV-ի գլխավոր խմբագիր Այնուր Էլգունեշը, լրագրողներ Շամշադ Աղան և Ուլվիյա Ալին։

2024 թվականի դեկտեմբերի 6-ին Meydan TV-ի գործով կալանավորվել են կայքի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Այնուր Էլգունեշը, լրագրողներ Ռամին Դեկոն (Ջաբրայիլզադե), Այսել Ումուդովան, Այթաջ Թափդիգը, Խայալա Աղաևան, Նաթիգ Ջավադլին և քաղաքացիական հասարակության անդամ Ուլվի Թահիրովը։

Ավելի ուշ Meydan TV-ի գործի շրջանակում ձերբակալվել են նաև «Argument.az» կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Շամշադ Աղան, լրագրողներ Նուրլան Լիբրեն, Ֆաթիմա Մովլամլին, Ուլվիյա Ալին (Գուլիևա) և լուսանկարիչ Ահմեդ Մուխտարը։

Բոլորը մեղադրվում են մի քանի հոդվածներով, հիմնականում՝ մաքսանենգության։ Ձերբակալված լրագրողներից ոչ մեկը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։ Նրանք ասում են, որ ձերբակալվել են իշխանության քաղաքական հրահանգով՝ լրագրողական գործունեության համար։

Leave a Comment