Հունվարի 27–ը հիշատակի օր սահմանելը ամոթալի վախկոտություն էր և կոնկրետ քաղաքական ընտրություն. Թաթոյան



Դա նսեմացնող արարք էր, ամոթալի վախկոտություն, որ իշխանությունը հունվարի 27–ը նախատեսեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, այն էլ օրենքի մակարդակով։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։


«Դա պատահական ընտրված օր է, ձևական, որը չունի ոչ մի բովանդակություն, ոչ մի հիշողության նշանակություն։ Այդ օրը ընտրվել է պարզապես պաշտոնյաների հարմարության համար, որ նրանք գան, ոչ ոք իրենց ավելորդ հարցեր չտա, ֆորմալ արարողակարգին մասնակցեն ու վերջացնեն դրանով։ Սա կոնկրետ քաղաքական ընտրություն է, դրա համար մենք այսօր պետք է ցույց տանք, որ մեզ համար չափազանց կարևոր է հենց այս օրը»,–ասաց նա։


Դիտարկմանը, որ հունվարի 27–ը հիշատակի օր սահմանելու նախագիծը մշակողներից մեկը զոհված զինվորի հայր է՝ Գեղամ Նազարյանը, Թաթոյանն ասաց. «Ես հարգանք ունենալով զինվորի սխրանքի հիշատակի առաջ, չեմ ուզում այդ մասով բան ասել։ Ես միայն ասում եմ, որ սա ՔՊ–ի իշխանության որոշումն է։ Սա ամոթալի վախկոտություն է, որ արել են»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց  Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Այսօր ոչ աշխատանքային օր է։

Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։

Նրանք նշել են, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։

«Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտնոյաներն այցելում են Եռաբլուր»,- ասել էր Ռուբինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment