28 հունվարի 2026 – 13:49 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ եպիսկոպոսների ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակին։ Եռաբլուրում կատարվել է Տերունական աղոթք, որից հետո բարձրացվել է հոգեցունց աղոթք՝ նահատակների հոգիների հանգստության համար։
Կաթողիկոսը լրագրողներին հորդորել է ավելորդ հարցումներով չխաթարել օրվա խորհուրդը, հայտնում է Aysor.am-ը:
«Մենք մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև ու աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ»,- նշել է Վեհափառ հայրապետը։
Վերջում նա օրհնել է լրագրողներին՝ ասելով. «Տերն ընդ ձեզ, մնացեք խաղաղությամբ»։
Գարեգին Բ-ն Բանակի օրվա առիթով հղած ուղերձում նշել է, որ նորանկախ պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակն իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով:
Նա նշել է, որ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։