«Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել» ․համար 147 հիմնական դպրոցում բացվեց Ռոբերտ Աբաջյանի արձանը

N147 հիմնական դպրոցում այսօր՝ հունվարի 28–ին, բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։

Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը, որոնք զոհվելուց առաջ ասել էր. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել….. էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ՝ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…» 

 

Քառոօրյա պատերազմի ժամանակ, նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է՝ Աբաջյանը զինվորներին ուղարկել է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվել է թափանցել դիրք։ Աբաջյանը միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ համառ դիմակայությամբ նահանջել է դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից, սակայն, մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով՝ Ռոբերտ Աբաջյանը մինչեւ վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ՝ միեւնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ եւ վերջինիս կարեւոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել եւ ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասել է հենց մոտենան՝ իր հետ միասին պայթեցնի նրանց, որպեսզի չհանձնվի։

Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցրել է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացրել՝ իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան՝ Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի։

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաեւ փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Աբաջյանի՝ «այս դիրքը հանձնողի մերը» արտահայտությունը թեւավոր խոսք է դարձել:

Leave a Comment