Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ ուղերձում մաղթել է, որ Հայաստանի զինված ուժերը շարունակեն քաջաբար հսկել երկրի սահմանները՝ «իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով»:
«Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի», – նշել է վեհափառը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում հայոց բանակի մարտիկները անվեհեր պայքար են մղել, և նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են։
ՀՀ զինված ուժերն այսօր տոնում են կազմավորման 34-րդ տարեդարձը:
