27 հունվարի 2026 – 15:59 AMT
PanARMENIAN.Net – ԵԿՄ նախկին նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Ալբերտ Բազեյանը հայտարարել է, որ պետք է ձևավորել համազգային համախմբում: Նա նշել է, որ ընդդիմադիր առողջ, ազգային քաղաքական ուժերը պետք է մի կողմ թողնեն իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումները, հավակնությունները քաղաքական պաշտոնին, ձևավորեն քաղաքական միավորում, մինչև գարնան վերջը ոտքի հանելու համար ժողովրդին՝ կազմակերպելով «անհնազադնություն գործող ապազգային իշխանության դեմ», հայտնում է «Փաստինֆոն»:
«Մինչև գործող իշխանության գալը՝ 2018թ․, ունեինք Արցախն ու Հայաստանը միացած ավելի քան 42 հազար քկմ տարածք, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքն ընդամենը 29․700 քկմ տարածք է։ Նա հանձնել է Արցախն Ադրբեջանին, Ալիևի հետ պայմանավորված, պլանավորված պատերազմ է եղել, որտեղ ի սկզբանե որոշված էր,որ պետք է պարտություն կրենք ու Նիկոլն Արցախը հանձնի թուրքին, այդպես էլ արեց։ Հիմա էլ անընդհատ կրկնում է՝ խաղաղություն են բերել, ինչո՞ւ տարաք երկիրը պատերազմի, որ հիմա էլ ասեք, թե խաղաղություն եք բերել»,-ասել է Բազեյանը։
Նա շեշտել է, որ որևէ խաղաղության պայմանագիր այս պահին ստորագրված չէ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում ընդամենը նախաստորագրվել է մի փաստաթուղթ, որը չունի իրավական ուժ, մինչդեռ այդ փաստաթղթով Ադրբեջանի իշխանությունը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանից, ներառյալ՝ 300,000 ադրբեջանցիների «վերադարձը» և «Զանգեզուրի միջանցքը»։
«Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի, կառավարության հեռացումը և գործող ԱԺ լուծարումը»,-նշել է Բազեյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անցկացնել նոր ընտրություններ ժամանակավոր կառավարության շրջանակում։
Նրա համոզմամբ՝ եթե մինչև գարնան ավարտն այդ գործընթացը չհաջողվի իրականացնել, ապա գործող իշխանությունը կարող է կրկին վերընտրվել։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: