ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է Թալին–Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական ավտովթարից տուժածների վիճակի մասին: Նրա խոսքով՝ տասը մարդ հոսպիտալացվել է մարզային և երևանյան բժշկական կենտրոններ։
Այս պահին նրանք բուժզննում են անցնում, կան ծանր դեպքեր։ Ավանեսյանը տեղեկացրել է, որ վաղ առավոտից Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային բաժանմունքի բրիգադներն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ տուժածներին ցուցաբերելով շտապ բժշկական օգնություն:
Նախարարը նաև հորդորել է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, օգտվել անվտանգության գոտիներից և մինչև 7 տարեկան երեխաների համար նախատեսված մանկական մեքենայի նստատեղերից:
Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Երևան–Գյումրի ավտոճանապարհի Թալին–Բազմաբերդ հատվածում, ուր մերկասառույց է, բախվել է 15 ավտոմեքենա: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից երկուսը առողջական բավարար վիճակով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Ըստ Shamshyan.com-ի տվյալների՝ շղթայական վթար է տեղի ունեցել նաև Արագածոտնի մարզի Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում: Հաղորդվում է ավելի քան 10 տուժածների մասին, մի շարք հատվածներում երթևեկությունը մասամբ դժվարացել է ավտոմեքենաների խափանումների պատճառով:
