Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մայիսի 15-ը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների համար։
Նրա խոսքով, հակառակ դեպքում ամերիկյան կողմը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից և դադարեցնել քննարկումներին մասնակցելը։
Գոնչարենկոն սա կապել է նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների հետ՝ նշելով, որ եթե հակամարտությունը շարունակվի, հանրապետականները կարող են քննադատության ենթարկվել դեմոկրատների կողմից։
Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի էին ունեցել Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև փակ դռների հետևում բանակցություններ՝ անվտանգության հարցեր քննարկելու համար։ Ուշադրության կենտրոնում էին ԱՄՆ խաղաղության ծրագրի չլուծված կողմերը։
Հետագայում Վաշինգտոնը Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները պատմականորեն կարևոր է անվանել։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ հանդիպումները լայնորեն չեն լուսաբանվել, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի թիմին հաջողվել է հակամարտող կողմերին միավորել բանակցությունների սեղանի շուրջ՝ «մոտեցնելով խաղաղության հեռանկարը»։
Հունվարի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Աբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ փետրվարի 1-ին։
