«ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք Կուսակցությունը հարգում է Միացյալ Նահանգների իրավունքը՝ վարելու սեփական արտաքին քաղաքականությունն ու պաշտպանելու իր շահերը, սակայն որևէ ռազմավարական համագործակցություն տարածաշրջանում չի կարող կայուն լինել, եթե այն իրականացվում է Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին։
Խաղաղությունը չի կարող կառուցվել ուժի կիրառման արդյունքների լեգիտիմացման վրա։ Ագրեսիան խրախուսող քաղաքականությունը բերում է ոչ թե կայունության, այլ նոր էսկալացիաների։
Եթե Ադրբեջանին տրամադրվում է ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ, ապա Հայաստանը պետք է ստանա ոչ թե ընդհանուր հայտարարություններ, այլ հստակ, գրավոր և գործարկելի անվտանգության երաշխիքներ։
Հայաստանը չի կարող դիտարկվել որպես միջանցք, տեխնիկական տարածք կամ երկրորդական գործոն տարածաշրջանային նախագծերում։ Ցանկացած տրանսպորտային կամ լոգիստիկ նախագիծ կարող է իրականացվել միայն Հայաստանի ինքնիշխանության, օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում։
Հայաստանի կարմիր գծերը՝
ՀՀ ինքնիշխանությունից դուրս որևէ միջանցքի բացառումը
Ռազմական անհավասարակշռության անթույլատրելիությունը
Արցախի հարցի միջազգային օրակարգից դուրս բերելու անընդունելիությունը
Հայաստան–ԱՄՆ առանձին ռազմավարական ձևաչափի անհրաժեշտությունը
Ուժեղ Հայաստանը տարածաշրջանային կայունության գործոն է։
Թույլ Հայաստանը՝ ապագա ճգնաժամի աղբյուր»։