44–օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, անդրադառնալով նրան, որ հունվարի 27–ը հայտարարվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, լրագրողների հետ զրքւյցում ասաց. «Մեզ համար բոլոր օրերն էլ հիշատակի օրեր են, հիմա թե դրանք ինչ են մտածել, ինչ են արել, թող իրենք մտածեն, երևի թե նկարվելու առիթ է եղել, որ պիտի գային նկարվեին, ևս մի օր ավելացրին իրենց հետ նկարվելու ցուցակում։ Մեզ համար ամեն օր հիշատակի օր է, շաբաթվա չորս-հինգ օրը այստեղ ենք լինում մեր երեխեքի մոտ, նստած զրուցում ենք, կիսվում ենք ու գնում ենք մեր տներով։ Թե հիմա իրենք ինչ կանեն, ինչ չեն անի, դա իրենց գործն է, ես որևէ բան չեմ կարող ասեմ։ Թող գան նկարվեն, թողնեն գնան»։
Նա քրոջ որդուն ուղարկել է Եռաբլուր, որ հսկի գերեզմանն ու չթողնի իշխանություններին մոտենալ:
«Ոնց որ սիրտս վկայում էր, որ կարող է գան, հանկարծակի մեկը չգա երեխու շիրիմը չպղծի, չգան ծաղիկ դնեն։ Դրա համար ասեցի՝ ժամը 9-ին կգաս, որ որևէ մեկը երեխու շիրիմին չմոտենա։ Այդ չորս քառակուսի մետրը իմ տղայի սեփականությունն է, ես էլ որպես տուժողի իրավահաջորդ, ինձ է անցել, ՔՊ–ականներից որևէ մեկը իրավունք չունի, նույնիսկ քայլելով անցնել կամ տղայիս շերիմին ծաղիկ դնի։ Ուր գնում են, թող գնան, եթե հերոսների հարազատները կհանդուրժեն, թող գնան իրենց երեխեքի շիրիմներին, հարազատների շիրիմներին ծաղիկ դնեն, ես չեմ թողնում, ես արգելում եմ։ Ասել եմ ու էլի ասում եմ՝ քանի սաղ եմ, չեմ թողնի, դրանից հետո ինչ կանեն, դա արդեն չգիտեմ»,–ասաց նա։