ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է վերջին հինգ տարվա Միասնական
սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրողների և գործազուրկների թվերը։
Ըստ նախարարի՝ դրանք ցույց են տալիս, որ «մենք վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների
թիվը, և այս թվերի անկումը շարունակվում է»։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների
վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ալբերտ Հայրապետյանի հետ։
Նա նշեց, որ 2018 թվականի հունվարին ՀՀ-ում կար 509 934 աշխատող մարդ։
2025 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում աշխատում է 813 197 մարդ։ Այսինքն՝
303 263 մարդ ավելի է աշխատում
այս 7 տարիների ընթացքում։
«Սա կարող է բացատրվել երկու գործոններով. առաջինը՝
նախ ստվերն է կրճատվել։ Հիմա վարչարարությունը կրճատվել է, և այդ մարդիկ արդեն գրանցված աշխատողներ են։ Բայց միայն ստվերի կրճատմանը
այս ամենը վերագրելը ճիշտ չէ, քանի որ մենք ունենք տարեկան և ՀՆԱ-ի բավականին բարձր աճ, և այս տարի տնտեսական աճի ցուցանիշը 8,3 տոկոս
է եղել։ Դրա արդյունքում
ստեղծվում է արդյունավետ պահանջարկ, և ավելանում է աշխատողների թվաքանակը»,- ասաց Ալբերտ Հայրապետյանը։
Տնտեսագետը նաև նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ կար
778 000 աշխատատեղ, 2025 թվականի դրությամբ՝ արդեն 822 000, բայց մինչև 150 000 դրամ ստացող մարդկանց
տեսակարար կշիռը, որը թեպետ շատ մեծ է, բայց էականորնե նվազել է, 150 000 դրամից մինչև
500 000 դրամ ստացողների թիվը մեծացել է 10 տոկոսով։
«Այսինքն՝ ոչ
միայն աշխատատեղն է ավելացել, կամ աշխատողների թվաքանակն է ավելացել, այլև ցածր աշխատավարձ ստացող մարդկանց
թիվը կրճատվել է, բայց ի հաշիվ դրա բարձրացել է ավելի բարձր աշխատավարձ ստացող մարդկանց
թիվը»,- նշեց տնտեսագետը։
Նախարարը նաև գրել է, որ «երբ մենք խոսում
ենք նոր ստեղծվող
աշխատատեղերի մասին և ցույց տալիս վերջին ամիսների այդ մասով կայուն աճը, հաճախ ինչ-որ
անհասկանալի աղմուկ ենք լսում դրա շուրջ»։
Այս իրողությանը զուգահեռ՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել
է, որ նախատեսում են Հայաստանում ստեղծել 300 000 աշխատատեղ։ Եվ այստեղ
հարց է առաջանում՝ երբ իր հայրը
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բարձր պաշտոններ էր զբաղեցնում, ինչո՞ւ չէին մտածում այդքան աշխատատեղեր ստեղծելու և աղքատությունը
նվազեցնելու մասին։
Տնտեսագետի խոսքով՝ պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ
300 000 աշխատատեղերը ստեղծվել են, և աշխատատեղերի և աշխատողների թվաքանակը անշեղորեն
միայն աճում է։
«Մենք, համենայնդեպս,
չենք տեսել այդպիսի հաջողված փորձ իրենց կողմից, և հարցի հասցեատերն իրենք են, թե ի՞նչն էր խանգարում,
որ իրենց կառավարման շրջանում այդպիսի տնտեսական
ցուցանիշներ Հայաստանն արձանագրեր՝ մասնավորապես
նույն աշխատատեղերի թվաքանակի վերաբերյալ ցուցանիշներ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ի հավելումն Ալբերտ Հայրապետյանն
ասաց, որ հարց է առաջանում՝ այդ ո՞ր ոլորտին են ցանկանում աջակցել, երբ ներկայումս էկոնոմիկայի
նախարարությունը տնտեսության ոլորտի գրեթե բոլոր
ճյուղերին տարբեր գործիքներով աջակցում է,
քննադատներն էլ օգտվել են այդ ծրագրերից։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան